«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում  զգոնության կոչ է արել օրվա իշխանություններին. «Շտապ կանխել 5-րդ շարասյան մոբիլիզացիան.

Ամիսներ առաջ, երբ հանցավոր համագործակցության վերածված ռեժիմը նոր էր հեռացել, նրա վրա հիմնված 5-րդ շարասյունը որպես այդպիսին շատ թուլացած ու մասնատված էր:

Նա սպասում էր իր նկատմամբ տրամաբանական ու արդար դատաստանին և փորձում էր դիմադրել միայն այն պարագայում, երբ իր գոյությանն անմիջականորեն սպառնացող վտանգ էր զգում:

Սակայն՝ երբ հասկացավ, որ իր նկատմամբ միակ տրամաբանական հանգուցալուծման, այն է՝ կատարած հանցագործությունների համար պատասխան տալու, փոխարեն կարող է մնալ քաղաքական ասպարեզում, մասնակցել ընտրություններին, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել թալանածը, ուշքի եկավ և սկսեց քայլ առ քայլ ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել ուժերը ու նոր ռեսուրսներ կուտակել:

Այսօր արդեն 5-րդ շարասյունը բավականաչափ ամրացել է և շարունակում է իր մոբիլիզացիան և, զուգահեռաբար, պաշտպանությունից անցնելով հարձակման՝ ավելի ու ավելի համակարգված ու լայնածավալ գրոհներ է ձեռնարկում հեղափոխության և օրվա իշխանությունների վրա:

Իրար հետևից ձեռք բերվող և վերակազմավորվող մեդիա միջոցներ, քարոզչական նորանոր տեխնոլոգիաներ ու գործիքներ, վերախմբավորվող դիրքավորումներ, օրեցօր լկտիացող կեցվածք ու արգեսիվացող տոնայնություն:

Սպառնալի տեմպերով ու ծավալներով աճող 5-րդ շարասյան նման գործունեությունը հուշում է, որ նա սպասում է հարմար պահի, որպեսզի դիմի ռևանշի և նորից տիրանա իշխանությանը:

Քանի դեռ ուշ չէ, կառավարությունը պետք է ի վերջո լսի մեր և մի շարք այլ ուժերի ու գործիչների հորդորները և շտապ կասեցնի 5-րդ շարասյան հետագա մոբիլիզացիան:

Դրա համար հարկավոր է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմների գործունեությանը և Անցումային արդարադատության ատյանի առաջ կանգնեցնել ու լյուստրացիայի ենթարկել նրանց ներկայացուցիչներին:

Մինչ այդ՝ ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած, պայմանավորված պատերազմի և այլ ձևերով պետական դավաճանություն կատարած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության պարագլուխները պետք է նախապես մեկուսացվեն հասարակությունից:

Այդ ժամանակ նրանք չեն կարողանալու համախմբվել և իրենց կատարած թալանը ռևանշի նպատակով օգտագործել ժողովրդի ու պետականության դեմ, քանի որ իրենց հիմնական մասով բանտերում կլինեն, չեն ունենալու թալանն օգտագործելու հնարավորություն և ստիպված կլինեն զբաղվել իրենց մեղսագրվող արարքների կատարման մեղմացուցիչ հանգամանքների որոնման բարդ ու դժվարին գործով»,- գրել է Ժ. Սեֆիլյանը: