Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն որերորդ անգամ աչքիս է ընկնում երեկվա մի տեսանյութ, որտեղ ինչ֊որ լրագրող վազում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի ետևից ու ինչ֊որ բան հարցնում։ Վերջինս մի քանի անգամ պատասխանելուց հետո, ադրբեջաներեն ինչ֊որ խոսք է ասում, որը նշանակում է չգիտեմ։ Ընդ որում ասում է ժպիտով, բավականին պոզիտիվ տրամադրությամբ ու առանց մի գրամ նեգատիվի։ Էլ չեմ ասում, որ մանավանդ մեծահասկների շրջանում, ովքեր խորհրդային տարիներին շփվել, առնչվել են տարբեր ազգությունների հետ, լեկսիկոնում կարող են հայտնվել օտարալեզու բառեր, ավելին՝ հենց մեր առօրյա խոսակցականում մենք ակամա օգտագործում ենք բազմաթիվ հենց թուրքերեն բառեր։

Ինչևէ կարդում եմ համապատասխան տեսանյութերի մեկնաբանություններն ու փորձում հասկանալ դրանք սիրո կամ հանդուրժողականության տրամաբանության սահմաններում։ Կասեմ միայն մի բան՝ տոտալ սրիկայություն է կատարվում։ Սպառնալիքներ, հայհոյախառն գրառումներ, ցածրորակ խոսքեր ու ուղղակի անգրագետ մանկուրտի լեզվամտածողության արտացոլանք։ Մի երկու տեղ արձագանքեցի, բայց, բնականաբար, ուղեղն ամպուտացված խոսող գործիքների մոտ դա ոչինչ չփոխեց։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ Ռուբեն Արամիչին թուրք լինելու մեջ մեղադրելու համար, նվազագույնը պետք է թրքահաճո հպատակ լինել, ու դեռ այն դեպքում, երբ նման ձևակերպումներով հանդես եկողների կուռքացված իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում օրնիբուն ադրբեջանանապաստ քաղաքականության ու ադրբեջանասեր հռետորաբանության համար։

Նշեմ նաև, որ դեռ անցյալ դարավերջի Սումգայիթյան իրադարձությունների ժամանակ վերջինս ոչ ավել, ոչ պակաս հենց Բաքվում պաշտպանել է տուժած հայերին և, ինչպես տեղեկացա ընկերոջս գրառումից, նույնիսկ վերջիններիս անվանել է քոչվոր ոհմակներով ցեղասպաններ, իրենց իսկ դատական նիստերի դահլիճում, հիմա դու՛ք, թավշյա սրիկանե՛ր, վայրահաչում եք մի մարդու վրա, ում՝ էս երկրին մատուցածի կեսն էլ չեք կարող տալ ձեր հովանավորների հետ համատեղ մինչև կյանքերիդ ավարտը տալու դեպքում։

Բացի պետության առջև մեծագույն վաստակից, Ռուբեն Սահակյանը նաև վաստակավոր փաստաբան է։ Բայց էսօր հասարակության փաշինյանական հատվածը որևէ կերպ չի ցանկանում ընկալել, որ ամեն ոք իրավունք ունի պաշտպան ունենալու, ամեն մարդ իրավունք ունի կարծիք արտահայտելու, առավելևս մենք, ովքեր էլի ու էլի լսում ենք ձեր հայհոյանքները, բայց չենք արձագանքում։ Միթե՞ անհնար է խոսել, ոչ թե հաչալ, ի վերջո դուք քաղաքակիրթ մարդի՞կ եք, թե՞ կապից թողած շներ։

Փաշինյան Նիկո՛լ, հասկանում եմ, որ հասարակության՝ սևի ու սպիտակի տարանջատումը բացառապես քաղաքական դիվիդենտների ակնակալիք է, բայց, երբ ասում ես՝ պայքարել է պետք ֆեյքերի ու անհանդուրժողականության մեջ, մի պահ նայիր նրանց, ովքեր քեզ պաշտպանում են պետականամետ մարդկանցից ու պաշտպանում են ամենաստոր ու ամենաանկիրթ եղանակներով, ու եթե դու պետականամետներից պաշտպանվելու կարիք չունես, հորդորում եմ ու պահանջում՝ զոմբիներիդ զսպաշապիկ հագցրու, ապերասաններիդ էլ կարգի հրավիրիր, ամո՛թ է»։