Զինված ուժերում երեկ դարձյալ ողբերգական դեպք է գրանցվել:

Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների գոյությունը լրջագույն սպառնալիք է և իր ողբերգական հետևանքներ է առաջացնում, ինչպես այս դեպքում:

Այս խնդիրը պետք է լինի մշտապես ուշադրության կենտրոնում, և բանակի ղեավարության կարևորագույն պարտականությունն է հնարավորինս վերացնել անօրինական ազդեցությունների գոյությունը զինված ուժերում:
Իմ կարծիքով՝ զինված ուժերում ինչպես ենթակաների, այնպես էլ մեկը մյուսի նկատմամբ բռնություն գործադրելու, միմյանց արժանապատվությունը նվաստացնելու յուրաքանչյուր դեպք պետք է դառնա լրջագույն ուսումնասիրման առարկա:

Որևէ դեպք թաքցրած զինվորական և հատկապես հրամանատարական կազմի ներկայացուցիչ, պետք է խստագույնս պատժվի:

Որևէ կասկած չկա, որ քանի դեռ զինված ուժերում անհրաժեշտ չափով չկա զինծառայողների իրավունքների անշեղորեն պահպանման գիտակցությունը, քանի դեռ ամբողջությամբ վերացված չեն կիսագողական և կասկածելի հեղինակության հաշվին ոչ ֆորմալ ազդեցությունները, քանի դեռ զինվորների շրջանում գերիշխում են կեղծ արժեքները, մշտապես կանգնած ենք լինելու այսպիսի ողբերգությունների կրկնության շեմին:
Իսկ այս ամենը վերացնելու համար պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ ռեֆորմներ:
Խոսելն ու միայն հայրենասիրական լոզունգներով առաջնորդվելը քիչ է:

Չարած գործի գինը զինվորի կյանքն է…