ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը շարունակվում է: Նախօրեին նա Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ և բանակցությունների ընթացքում անդրադարձ էր եղել նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին, Ջոն Բոլթոնն ասել էր, թե ԼՂ հարցով նոր առաջարկներ չի բերել, ինքը մտադիր է ավելի լավ հասկանալ և ուսումնասիրել խնդիրները:

Բաքվում ունեցած հանդիպումների համատեքստում ուշագրավ է, որ «Ամերիկայի ձայն» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Ջոն Բոլթոնը չի բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար: Հայտնի է, որ այս լրացումը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Եվ տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է հասնել 907-րդ լրացման չեղարկմանը:

Բոլթոնի այս հայտարարությունը լուրջ ահազանգ է՝ հատկապես այն պարագայում, որ վերջին շրջանում շատ է քննարկվում Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների տրամադրման թեման: Քանի որ Բոլթոնն արդեն Հայաստանում է և բարձր մակարդակով հանդիպում է ունենում, ապա անհրաժեշտ է նրան ներկայացնել բոլոր այն վտանգները, որոնք կարող են առաջ Ադրբեջանին գալ սպառազինություններ մատակարարելու արդյունքում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանի ապակայունացում, որը ևս չի բխում ԱՄՆ շահերից: Անհրաժեշտ է սերտորեն աշխատել ամերիկյան վարչակազմի հետ՝ Բաքվից եկող սադրանքները չեզոքացնելու համար: