Ուշագրավ գործընթացներ են տեղ գտնում սիրիական հակամարտության շրջանակներում: Բացի այն, որ մի կողմից սեպտեմբերի 17-ին Սոչիում Վ.Պուտինի և Ռ.Թ.Էրդողանի միջև հաջողված հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իդլիբի հիմնախնդրի հանգուցալուծման հարցում նախապատվություն է տրվում քաղաքական ճանապարհին՝ առնվազն որոշ ժամանակով հետաձգելով ռազմական գործողությունները սիրիական զինված ընդդիմության առանցքային հանգրվանի դեմ, մյուս կողմից կարևոր սրացում է արձանագրվում Ռուսաստանի և Իսրայելի միջև:

Սեպտեմբերի 17-ի գիշերը իսրայելական օդուժին պատկանող 4 F-16 ռազմական ինքնաթիռների կողմից Լաթակիա նահանգում իրականացված թիրախային հարձակումների և դրանց ի պատասխան սիրիական կողմի գործողության ընթացքում կորել է կապը ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող Ил-20 հետախուզական ինքնաթիռի հետ՝ 14 հոգանոց անձնակազմով: Եվ թեպետ ռուսական ինքնաթիռը տուժել է սիրիական С-200 ՀՕՊ համակարգերի պատասխան գործողության հետևանքով, այսուհանդերձ պաշտոնական Մոսկվան միջադեպը որակել է՝ որպես իսրայելական սադրանքի հետևանք, թշնամական գործողություն՝ հիմնավորելով, որ իսրայելական ռազմական օդանավերը միտումնավոր կերպով գործել են ռուսական ինքնաթիռի թիկունքում:

Վերոնշյալի համատեքստում, եթե իսրայելական կողմը չփորձի շատ արագ կերպով շտկել միջադեպի հետևանքները, ապա հետագայում հնարավոր զարգացումները կարող են բավական խնդրահարույց լինել հրեական պետության համար: Բանն այն է, որ 2015թ. սեպտեմբերից մեկնարկած՝ Սիրիայի տարածքում ռուսական կողմի ակտիվ գործողություններից հետո Թել Ավիվը, Մոսկվայի հետ համագործակցության արդյունքում, կարևոր անվտանգային խնդիրներ էր լուծում իր համար՝ թիրախավորելով նախ սիրիական կառավարական ուժերին պատկանող ռազմավարական նշանակության օբյեկտները, ապա նաև՝ իրանական հենակետերը Սիրիայի տարածքում: Մինչդեռ ընդամենը 3 տարվա ընթացքում մի քանի տասնյակ ռազմագործողությունների մասին ցայժմ ռուսական կողմը ոչ միայն տեղեկացվել էր, այլև դրանք շրջանցել են Մոսկվայի շահերի գոտի հանդիսացող շրջանները: Իսկ նախօրեին Լաթակիայում(այս շրջանում գտնվող Խմեյմիմ ռազմաբազան հանդիսանում է ռուսական ուժերի առանցքային հենակետը Սիրիայում) տեղակայված սիրիական ռազմատեխնիկական օբյեկտների դեմ իսրայելական հարձակումը կարելի է գնահատել որպես հանդուգն քայլ՝ ուղղված ռուսական անմիջական ներկայության գոտու դեմ: Այս առումով, կարելի է կանխատեսել, որ Թել Ավիվը շտապելու է շտկել ստեղծված իրավիճակը, այլապես ռուսական կողմը կարող է պատասխանել Սիրիայում Իսրայելի գործողությունների հնարավորինս սահմանափակման միջոցով, ինչից միանշանակորեն կարող են օգտվել հատկապես Իրանն ու լիբանանյան «Հիզբալլահը»՝ դիրքավորելով ընդհուպ սիրիա-իսրայելական սահմանին:

 

Արմեն Պետրոսյան