Հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Միայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ:

Սեփական Ընտրության Հեքիաթը
(հատված)

Ես դուրս էի եկել ընդմիջման ու մտքերով տարված չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը, ծամելով էժան բուտերբրոդն ու հետը ձողիկով տաք հյութ խմելով: Էնպես չէր, որ նյութերն իրար շալակ էին թռել ու խմբագրելու, շարելու համար տասը ձեռք էր պետք՝ օգոստոս ամիսն էր, շատերը քաղաքում չէին ու առամձնապես իրադարձություններ չկային՝ եթե գործընկերներս իմ տեղը մի թեթև տանջվեն՝ շեֆն իսկի չի էլ նկատի բացակայությունս, հազարից մեկ ես էլ գլուխ պահեմ:

Մեր խմաբգրությունը մեծացրել էր գրասենյակը, հաստատվելով քաղաքի ծայրամասում, որն էնքան էլ ծանոթ չեր ինձ, կարելի է ասել՝ համարյա չէի եղել էս կողմերում: Պարզվեց՝ փողոցի ծայրին զբոսայգի կա՝ լուռ, խաղաղ անկյուն՝ որոշեցի գնալ, ընդմիջումս էնտեղ վերջացնել, հետն էլ ծխել ու ձևացնել, որ մտածում եմ: Իրականում ես միշտ եմ մտածել՝ իմ անհետաքրքիր, անփող կյանքի մասին:

Բայց մտածելուց բան չի փոխվում, ցավոք:
Ծառերը բարձր էին՝ վաղուցվա այգի էր, ինչ տեսակ ծառ ասես կար: Փոխարենը մարդ համարյա չէր երևում՝ կիսաքանդ, գլաքարով շարված արահետները ոլորապտույտ ձգվում էին հաստ բների ու անխնամ թփերի միջով, երբեմն գրկախառնվելով, նստարանները մաշված էին, մի երկուսը կոտրված, աղբամաններ աչքովս չընկան, իսկ պլաստիկե շշերն ու սիգարեթի տուփերն ինչպես միշտ՝ թափթփված էին ամենուրեք:

Աստված գիտե երբ էր ջրվել վերջին անգամ՝ ոռոգման ժանգոտ խողովակները, նրանք, որ դեռ չէին գողացել, ճաքճքած հողից ցցված էին դողդոջուն ծերունու երակների նման: Մի խոսքով՝ լքված տեղ էր, միայն մորեխների անվերջանալի սուլոցը դեղին խոտերում հիշեցնում էր, որ շրջակայքում իր ձևի մեջ կյանք կա:
Քայլելիս լուծեցի բուտերբրոդի հարցերն ու դատարկելով հյութի շիշը, դրեցի պլաստիկե տոպրակի մեջ, որ հետո նետեմ առաջին պատահած աղբամանը:

Հասա զբոսայգու ծայրը՝ պարզվեց, դեմ է առնում զառիթափ, ժայռոտ լանջի, որը մեծ բարձրությունից գահավիժում է ձորը: Ձորի դիմացի ափին սեփական շքեղ առանձնատներ էին, իսկ ներքևում պսպղում էր օձագալար, աչք ծակող գետը: Նստեցի կիսակոտրած, թեք նստարանին, կաղնու ստվերում ու ծխեցի՝ շոգ էր, օդում հեռավոր զնգոց էր կանգնած, դիմացի ափի առանձնատները լողում էին տաք հոսանքի ալիքների մեջ:
Քունս տանում էր, բայց դիմանում էի, ինքս էլ չգիտեմ, թե ինչին սպասելով:

Հանկարծ դիմացի ափի սեփական տներից մեկի դուռը բացվեց ու լողազգեստ հագած, լայնեզր գլխարկ դրած, արևային ակնոցով մի կին շարժվեց ճերմակ աստիճաններով ներքև՝ երևի դեպի լողավազանը: Լարեցի հայացքս՝ ափն էնքան էլ մոտ չէր, լավ չէր երևում, բայց որսորդին վայել զգացողությամբ գնահատեցի նրա նազանքով քայլվածքը, երկար, սև մազերն ու ընտիր, արևայրուք կերած մարմինը:

Քունս միանգամից փախավ՝ ա՜խ, բա հիմա հեռադիտակ չլինե՞ր ձեռքիս տակ…
Կինը նստեց շեզլոնգին ու վայելչանքով ծխեց, երբեմն ինչ որ բան խմելով բաժակից, երևի՝ զովացուցիչ: Հնարավորինս մոտ էի եկել քարքարոտ ափին, բայց զգույշ էի որ չգլորվեմ ձորը՝ հիմար մահ կլիներ: Ու էնքան անժամանակ…

Ինչ որ բան փայլեց ոտքերիս տակ՝ հեռադիտակ էր:
-Հըմ…,- մտածեցի,- Ինչ որ մեկը երևի հատուկ գալիս է էստեղ, էս կնոջը հեռվից դիտելու ու մոռացել է հեռադիտակը: Ես նրան հասկանում եմ:
Հեռադիտակը հարմարեցրեցի աչքերիս՝ կինն էնքան շքեղ էր ու էնպիսի անփույթ քնքշությամբ էր ծխում, որ գլուխս պտտվեց նրա կլորավուն շուրթերի գրգռիչ տեսքից…

Քիչ անց հանգցրեց սիգարեթը, ելավ տեղից, ձգվեց իր անթերի մարմնով ու մոտենալով լողավազանի ափին՝ ձկան ճարպկությամբ ցատկեց ջուրը:
Մինչև երեկո նստեցի այգու նստարանին, չպատասխանելով խմբագրությունից եկող զանգերին ու հեռադիտակը չիջեցնելով՝ մոլագարի համառությամբ հետևեցի չնաշխարհիկ անծանոթուհու երանելի հանգստին՝ ո՞վ եմ ես, որ երբևէ նման կնոջ թեկուզ հայացքին արժանանամ, ստիպված եմ հիանալ գոնե էսպես, թաքուն…Ճիշտ է՝ հայելին ինձ երբեմն ասում է, որ վատը չեմ արտաքնապես, բայց կանայք նվաստիս համառորեն չեն նկատում՝ ոչ մեքենա ունեմ, ոչ հագածս է հագած, ոչ էլ էն համարձակությունն ունեմ կյանքում, որը տղամարդուն տալիս է հաստ դրամապանակը…

Այ եթե փող ունենայի՝ ցույց կտայի դիմացի ափի հուրի-փերուն, թե իրականում որքան կրքոտ եմ ու սիրառատ, հետն էլ երազկոտ: Նա միանգամից էնպես էր դուր եկել ինձ, որ հոգիս տակնուվրա էր եղել, տեղս չէի գտնում: Եվ առաջին անգամ զգացի, որ ինձ չի հետաքրքրում՝ կինն ամուսնացած է, փեսացու կամ ընկեր ունի, թե ոչ: Ու էդ մտքից ամենևին վատ չէի զգում՝ շատ անսովոր էր: Ափսո՜ս միայն՝ փող լիներ գրպանումս, կարգին, իսկական փողեր…
Վշտից քայլերս ուղղեցի ծանոթ գարեջրատուն ու վերջին լումաներս տվեցի մեծ գավաթով սառը գարեջրին ու մի աման սիսեռին, որ փորձեմ հավասարակշռության գալ:

Ներսում սովորականի պես ծխած էր և մարդաշատ՝ բարձրաձայն ռոքի, բղավոցով խոսակցությունների, մատուցողուհիների հասցեին արված կոպիտ կատակների ու հանապազօրյա հայհոյանքի մեջ ինձ մի տեսակ պաշտպանված էի զգում՝ էստեղ ինձ նմաններն էին, կյանքից իրենցը չստացած, նեղված մարդիկ, որոնք խմիչքի ազդեցության տակ ժամանակավորապես բարի ու սրտացավ են դառնում:

Չնկատեցի, թե ինչպես մաշված հագուստով կարճահասակ ծերուկը, որին նախկինում երբեք չէի տեսել մշտական այցելուների մեջ՝ հայտնվեց գարեջրատան աղյուսաշեն կամարների տակ ու առանց հրավերի նստեց իմ սեղանին՝ դիմացը հանդիսավոր դնելով գարեջրի կիսադատարկ շիշը: Նա երկար ծխամորճ էր փստացնում, լայն, ձյունաճերմակ մորուք ուներ ու կեղտոտված ակնոցի կլոր ապակիների միջից մանրիկ, ջրակալած աչքերով ուշադիր նայում էր ինձ, ասես երկուսիցս հենց ես էի անկոչ հյուրը:

Հեչ մեր ժամանակներից չէր, նման էր ոչ էն է՝ նկարչի, ոչ էն է՝ գավառական պոետի: Բավական երկար էդպես լուռ ու անթարթ նայում էինք իրար: Հետո, հասկանալով, որ իրենից պակաս համառ չեմ՝՝ հոգոցով հարցրեց,-
- Ասա տեսնեմ՝ ինչի՞ ես պատրաստ հանուն նրա: