Օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ հաշվետվություն։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ռուսաստանցի վարձկանները հարձակվել են Սիրիայում տեղակայված ամերիկյան զինված ուժերի վրա, ինչը ըստ զեկուցողի, բարձրացնում է Արևմուտքի հետ ՌԴ հակամարտության ռիսկը, և որ ՌԴ նպատակը Սիրիայի ժողովրդի անվտանգության, տարածաշրջանի կայունության ապահովումը չէ, այլ ՌԴ շահերը՝ հաստատվելու այդ տարածաշրջանում։ Պետքարտուղարի օգնականը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել, թե որտեղ և երբ է իրականացվել այդ հարձակումը։
Հարցի առնչությամբ նշեմ, որ նման քայլերով Վաշինգտոնը փորձում է նախ միջազգային իրավաքաղաքական հարթությունում թուլացնել Ռուսաստանի հեղինակությունը, լեգիտիմացնել ամերիկյան ռազմական հարվածները Սիրիային, ինչպես նաև հող նախապատրաստել Սիրիայում ռուս-իրանական ռազմաքաղաքական դիրքերի թուլացման՝ Վաշինգտոնի հետագա քաղաքական, ռազմաքակաքական ու տնտեսական ուղղվածության ուղղակի և միջնորդավորված գործողությունների համար։