Տարիներ առաջ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի Թումանյան փողոցի մուտքից ոչ հեռու տեղադրվեց մի հուշատախտակ, որտեղ նշված է հետևյալը. «Այստեղ 1951-1955 թթ. սովորել է Խորհրդային Միության հերոս լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը»:

Խոսք չկա, իհարկե, կարևոր և խրախուսելի է Հայաստանի պատմության ամենատարբեր ժամանակահատվածներում և բնագավառներում գործունեություն ծավալած հայազգի գործիչների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումը, մանավանդ որ իրենց կյանքի որոշ ժամանակահատվածում նրանք որևէ կերպ առնչվել են նաև մեր՝ հայաստանյան իրականության հետ: Սակայն եկեք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր հանգամանքի վրա: Երբ տեղադրվում է նմանատիպի հուշատախտակ, կարծում ենք, որ պատվիրատուն նախ պետք է մանրակրկիտ ստուգաբանի այդ հուշատախտակի բովանդակության ճշտությունը՝ հետագայում բազում թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով:

Օրինակ, երբ նշված հուշատախտակի վրա բառացիորեն գրվում է՝ «Այստեղ 1951-1955 թթ. սովորել է...», ի՞նչ է դա նշանակում: Կոնկրետ այդ շենքի մասի՞ն է խոսքը: Մինչդեռ հայտնի է, մանավանդ հին երևանցիներին, որ Բրյուսովի համալսարանը այս շենք է տեղափոխվել 1990-ականների կեսերին, իսկ մինչ այդ բուհն իր երկարամյա գործունեությունը ծավալել է լրիվ այլ տարածքներում: Իսկ ահա այս նշված շենքում, Թումանյան 42 հասցեով, խորհրդային տարիներին երկար տասնամյակներ շարունակ տեղակայված էր և բավականին արդյունավետ գործում էր խորհրդային ժամանակաշրջանի մեկ այլ բավականին հայտնի ուսումնական հաստատություն՝ Երևանի Կապի տեխնիկումը:

Վիքիպեդիայի տվյալները մեզ հուշում են, որ երջանկահիշատակ հետախույզը իրոք ուսանել է Բրյուսովի անվան համալսարանում, այն ժամանակ՝ ինստիտուտ: Ուրեմն, միանշանակ ճիշտ կլիներ, որ այս հուշատախտակի տեքստը ընդամենը ձևակերպվեր հետևյալ բովանդակությամբ. «Այս բուհում 1951-1955 թթ. սովորել է...», թե չէ ստացվում է այնպես, որ Գևորգ Վարդանյանը սովորել է Երևանի Կապի տեխնիկումում: