Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրած Արազ Ալիզադեի հայրը Ադրբեջան է տեղափոխվել ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի Խամենե քաղաքից։ Սա նշանակում է, որ Արազ Ալիզադեի հայրը եղել է ԻԻՀ ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի համաքաղաքացին։

Արազի հայրը՝ Մամմադ Մուբարիզ Ալիզադեն, եղել է Բաքվի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի առաջին դեկանը։ Հենց Ալիզադեի թարգմանություններով են ծանոթացել դասական իրանական գրականության գոհարների հետ ադրբեջանցիները, իսկ Ադրբեջանը ներկայացնող իրանագետների մի քանի սերունդ աշակերտել է հենց նրան։

Արազ Ալիզադեին ոչ մեկ անգամ են մեղադրել իրանական գործակալ լինելու մեջ այն բանի պատճառով, որ նա համարձակվել է ասել, որ ոչ Բաբակ Խորրամդինը, ոչ Ռասուլզադեն և ոչ էլ Ադրբեջանի այսօրվա բնակիչները թյուրքեր չեն։

Տարբեր քննարկումներում ԱՀ քաղաքացիները կարծիք են արտահայտել, որ Արազ Ալիզադեն հայ է միայն այն պատճառով, որ նա իր հարցազրույցներից մեկում դրական է բնութագրել Բաքվի հայությանը։ Իսկ ոմանք նրան անվանել են կովկասյան պարսիկ՝ թաթ, քանի որ Արազը բազմիցս բավական կոշտ դիրքորոշումներ է հայտնել թյուրք ազգայնական գաղափարախոսության խրախուսման թեմայով, և բացի այդ, ըստ նրա հակառակորդների, նա անընդհատ հրապարակ է բերում քննարկումներ, որոնք ուղղված են ադրբեջանցիների «թյուրքական ինքնության» և, առհասարակ, թյուրքականության դեմ։