Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա տեղեկացրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։

«Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը: