Այն, ինչ կատարվում է մեր հարևան, և, մեղմ ասած, ոչ բարեկամ երկրում, առաջին հերթին այդ երկրի գործն է: Բայց նաև անթույլատրելի է աչքերը փակել և մակերեսայնորեն վերաբերել Ադրբեջանի վերջին զարգացումներին, որովհետև, կամա-ակամա, գործ ունենք համայն հայությանը, մասնավորապես Հայաստանի ու Արցախին իրեն թիվ մեկ թշնամի հռչակած երկրի հետ…Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու, թեպետ ի սկզբանե պետք է լինեին հոկտեմբերի 17-ին: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Իլհամ Ալիևը, որի ախորժակը միշտ մեծ է:

 

Ավելի վաղ, այդ երկրի ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ են, և արդեն փետրվարի 2-ին հայտարարվեց, որ իշխող կուսակցությունից կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Հատկանշական է, որ Ալիևը նախագահ ընտրվում է 4-րդ անգամ, սակայն այս անգամ 7 տարով է ընտրվելու և պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Ի դեպ, վերլուծաբանները լավ են հիշում հանգամանքը, երբ 2 տարի առաջ կրստեր սուլթանիկը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների համար ինքը որևէ պատճառ չի տեսնում:Չպետք է բացառել նաև, որ Ադրբեջանի միջազգային վարկանիշի անկման, միջազգային բազում, այդ թվում՝ քաղաքական ազդեցիկ կառույցների քննադատական վերաբերմունքի, և, ինչու, չէ, այդ երկրի ներքին՝ ճաք տվող խնդիրների համապատկերում, Ալիևի քայլը միտում ունի որոշակիորեն շեղել համընդհանուր ուշադրությունը….

 

Բայց, իր հերթական քայլով, նա հավաստեց, որ երկիրը տանում է ավտորիտար կառավարման՝ իրեն հռչակելով ամենակալ սուլթան: Իրողությունն այն է, որ ԼՂ հակամարտության թնջուկը պիտի կարգավորենք մի մարդու կամ նրա հովանու ներքո եղած իշխանության հետ, որի հետ գլուխ չի հանում նույնիսկ իր սեփական ժողովուրդը… Սա, իհարկե, նոր մարտահրավեր է մեզ համար, բայց, առաջին հերթին, գլխացավանք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ հարավային Կովկասի համար, քանի որ ոչ մի բռնապետ հավերժ չի եղել….