1. Առաջին հանրապետության անկումից հետո մի խումբ մտավորականներ ջանացին հասկանալ, թե որն էր պետության ներքին կյանքի քաոսի պատճառը, և եկան այն եզրահանգման, որ օտարի լծի տակ գտնվելու դարերի ընթացքում հայությունը հոգեբանական շեղումների է ենթարկվել, իր բնատուր հատկանիշները նահանջել են, ձեռք են բերվել ոչ ողջունելի այլ հատկանիշներ և մի մեծ շերտ է առաջացել, որի մոտ բացակայում են ազգի, հայրենիքի զգացողությունները։ Այդ շերտն այնքան ստվարամարդ էր, որ հենց ինքն էլ որոշում էր հասարակական հարաբերությունների, ներքին կյանքի պատկերը։ Այդ շերտը ստորին մշակույթ էր հաղորդում ներքին կյանքին։


2. Խորհրդային շրջանում այդ շերտի դեմ ոչ միայն պայքար չտարվեց, այլև 1950-ականներից հետո այն սկսեց բազմանալ ու բարգավաճել, ու 1980-ականներին ներքին կյանքը վերստին տրվեց ստորին մշակույթին։


Հետո եղավ Արցախյան շարժումը, որն ազգային ինքնակազմակերպման տանող գործընթացի մեկնարկ տվեց։ Եթե մենք այն ժամանակ ունենայինք հասարակական կյանքի խորքային երևույթները տեսնելու ունակ ընտրանի, ապա խնդիր կդրվեր ազգային շարժման միջոցով ձեռքբերովի բացասական հատկանիշներից ազատվելը։
Սակայն այդ ընտրանին չկար։


Կարևոր այդ գործն անելու փոխարեն որոշվեց անցնել կապիտալիստական համակարգին։ Որոշվեց, այդպես էլ տեղյակ չլինելով, որ այդ համակարգին անցնելն իր հետ սոսկալի վտանգներ է բերում։ Կապիտալիզմի տեսաբանները դեռ 1860-ականներին էին զգուշացնում, որ անպատրաստ ժողովրդին այդ համակարգի մեջ մտցնելու դեպքում անխուսափելի կլինի սոցիալական աղետը, ժողովրդի մեծամասնությունը քաղցի կմատնվի, իշխանությամբ օժտվածները ձեռք կգեն հանրային ունեցվածքը, ու, որ ամենավտանգավորն է՝ մշակութապես ստորին շերտի բուռն ծաղկում ու բարգավաճում տեղի կունենա ու հարստությունն ու կյանքի հեգեմոնիան կանցնի այդ շերտի ձեռքը։


Հենց դա էլ եղավ մեզանում, քանի որ 1. կետում արդեն նշել ենք,․ որ այդ շերտը պատմականորեն կար ու մեծաթիվ էր։


3. Եթե մենք 1990-ականների սկզբին ունենայինք այս ամենը տեսնող, գիտակցող ընտրանի, ապա այդ ընտրանին կառաջարկեր այնպիսի մի ծրագիր, որը կմեղմեր կապիտալիզմի կայացման փուլի բերած ավերը։ Սակայն չկար այդ ընտրանին ու մենք որոշեցինք անցնել ժողովրդավարության՝ ներմուծելով ուրիշի օրենքները։ Ներմուծեցինք, չիմանալով, որ դեռ 1890-ականներին համաշխարհային մեծության քաղաքագետները զգուշացրել են , թե ինչ վտանգներ կարող են լինել այդ դեպքում, եթե օրենքներ ընդունող ժողովրդի ազգային ոգին չբարձրացվի համապատասխան մակարդակի։ Մեր ազգային ոգին 1995-ին, երբ արվեց առաջին ընտրությունը, ոչ միայն բարձրացված չէր, այլև 1 և 2 կետերում նշված պատճառներով քայքայված էր։ Ու ինչպես որ զգուշացրել էր հայտնի քաղաքագետը, այդպես էլ ներքին կյանքը վերածվեց քաոսի, քաղաքական կրքերը լարվեցին ահագնորեն, եղան բախումներ, ժողովուրդը տրվեց հիասթափությանը և , որ ամենավտանգավորն էր և ինչից խստորեն զգուշացնում էր քաղաքագետը, ներմուծովի օրենքների չգործելու պատճառով հասարակական կյանքում իր օրենքները հաստատեց մշակութապես ստորին շերտը։


4.Եվ այսպես, քաղաքականապես մեր անտեղյակության պատճառով մենք ինքներս ստեղծեցինք նպաստավոր պայմաններ մշակութապես ստորին շերտի բարգավաճման, առաջընթացի, զարգացման, երկրի կյանքին հիմնավորապես տիրելու համար։
Սա է իրականությունը, որը պարտավոր ենք իմանալ։


Վիճակը բարդերից բարդ է, բայց ոչ անելանելի։ Ու եթե ուզում ենք գտնել ելքն ու հաղթահարել այս վիճակը, ապա հարկավոր է ձևավորել քաղաքական այնպիսի մի նախաձեռնություն, որը տեղյակ է վերը նշված պատճառներին, գնահատել է դրանք արդյունարար բացասական ազդեցությունը և ի վիճակի է առաջարկել քայլերի այնպիսի մի համակարգ, որն ունակ է հաղթահարել այդ արդյունարար բացասական ազդեցությունը ու ազգային վերելք ապահովել։
Միմիայն նման նախաձեռնությունը կարող է դրականորեն վերափոխել մեր իրականությունը։ Որևէ այլ նախաձեռնություն, որը չի բավարարի վերը նշված պահանջները, դատապարտված է լինելու անհաջողության ու ժողովրդին նոր հուսալքություն է բերելու։


Այնպես որ՝ եթե չեք ցանկանում հերթական անգամ մոլորվել ու հիասթափվել, ապա քաղաքական հայտ ներկայացնող գործիչներին կամ նախաձեռնություններին քննեք այդ տեսանկյունիւց ու պարզեք՝ արդյոք իրենք ունե՞ն վերը նշված երևույթների արդյունարար բացասական ազդեցությունը հաղթահարելու ունակ քայլերի համակարգ։