Կատալոնիայի անկախության գաղափարը, ինչպես բազում անգամ արդեն նշվեց, նոր չէ առաջացել, այլ՝ դեռևս 14-րդ դարում, երբ Կատալոնիան մտավ Իսպանիայի կազմի մեջ։ Սակայն, ինչպես նշվում է, այն միշտ էլ ունեցել է ավտոնոմ կարգավիճակ, ինչը մինչ այսօր էլ կատալոնացիները պահպանում են, սակայն տարբեր ժամանակներում նրանք ունեցել են յուրահատուկ կարծիք ու վերաբերմունք կենտրոնական իշխանության՝ Մադրիդի նկատմամբ։

 

Դա բոլոր առումներով արտահայտվել է այս երկու, կարելի է ասել, արժեհամակարգի մեջ։ Սակայն այսօր չենք ուզում խոսել այդ հակադրության վերաբերյալ, որն արտահայտվում է կենցաղայինից մինչև քաղաքական հարթություններ։ Ի վերջո, ինչն է պատճառը, որ Կատալոնիան անկախություն է ուզում։ Ի հեճուկս, օրինակ, հայկական կամ արտասահմանյան մամլո տեսությունների՝ այստեղ խնդիրն իսկապես տնտեսական բնույթ ունի, որովհետև 7 միլիոնանոց Կատալոնիան հանդիսանում է Իսպանիայի տնտեսության ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսի երաշխավորը։

 

Միայն անցյալ տարի (նկատի ունենք 2016 թվականը) Կատալոնիա այցելել է 34 միլիոն զբոսաշրջիկ (հիմնական շարժիչ ուժն է տնտեսության): Իսպանիայի կառավարման մոդելն այնպիսին է, որ բոլոր գումարները մարզերից հավաքագրվում են բյուջե ու հավասարաչափ բաշխվում ամբողջ տնտեսության մեջ, ինչն ի վերջո լցրել է կատալոնացիների համբերության բաժակը։ Թեպետ Իսպանիայի նախորդ վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի գլխավորությամբ նրանց տրվել են ինքնավարություն ու առավելություններ (օրինակ՝ սեփական հիմն ունենալ), մշակութային առանձնահատկություններ, լեզուն՝ որպես պետական լեզու, ստացել է հատուկ կարգավիճակ, սակայն, ամենայն հավանականությամբ, դա չի բավարարում կատալոնացիներին։ Սակայն անկախություն ստանալու դեպքում, պարզ է, որ Եվրամիությունը չի ընդունելու այդ անկախությունը, հետևաբար եվրոյի փոխարեն կատալոնացիները պետք է ներմուծեն հավելյալ թղթադրամ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնելու։

 

7 միլիոնանոց երկրամասում կտրուկ նվազելու են ներդրումներն ու ֆինանսավորումը, ի վերջո, երկրի չճանաչված լինելը զարգացման համար շատ լուրջ խոչընդոտ է։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Մադրիդն ու Բարսելոնան կփորձեն բանակցությունների միջոցով համաձայնության գալ, որովհետև այս ամենը ոչ մի լավ բանի չի բերելու։