Հայաստան-Սփյուռք համաժողովի վերաբերյալ գնահատականներն անզեն աչքով երևում են, որ միանշանակ չեն։ Ինչքան էլ որ փորձ է արվում այն ներկայացնել համազգային ներդաշնակության ու փոխըմռնման ֆոնին, այն, որ որոշակի խզում կա Հայաստանի ու Սփյուռքի հարաբերություններում, դրա մասին փաստում են նաև ՀՀ իշխանությունները։ Այսինքն, եթե վարչապետը խոսում է դրա մասին, նշանակում է, որ խնդիր իսկապես գոյություն ունի, որը չի գոյացել հենց այդ պահին, այլ ունի նախապատմություն ու այն հարթելու կարիք։ Եվ այսպես՝ ինչն է բանը։

Խնդիրն իրականում շատ ավելի հեշտ է լուծել ու ակնառու է, քան թվում է։ Բարդ բան չկա։ Պարզապես Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները, իսկ ավելի կոնկրետ՝ միմյանց հանդեպ նրանց ակնկալիքները մշտապես արտաքուստ նկարագրից տարբերվել են։ Այսինքն՝ խոսվել է մեկ բանի մասին, բայց բովանդակային մասով արվել է հակառակը։ Խոսքն, իհարկե, բիզնես միջավայրի, քաղաքական առաջնահերթությունների ու մեկը մյուսին չվստահելու մեջ է։ Սփյուռքը Հայաստանը պատկերացնում է բացառապես սիմվոլի դերում ու Հայաստան է գալիս ոչ թե ռացիոնալ հաշվարկների, Հայաստանի էությանը ծանոթանալու, այլ բացառապես ներքին սոլիդարությունից դրդված։ Ակնհայտ է, որ Սփյուռքն այս տարիների ընթացքում Հայաստանը լիարժեք չի ճանաչել, իսկ ճանաչելու դեպքում էլ, ցավոք, բացասական կերպով՝ քցեցին, խաբեցին և այլն, մինչդեռ Հայաստանի սովորական քաղաքացիներն այսպիսի երևույթները տեսնում են ամեն օր ու սովոր են։ Արդեն մեր ներքին օրակարգի հարցն է՝ ինչքանով կառնենք ապօրինությունների դեմ։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Սփյուռքը պահանջատեր է ոչ միայն Թուրքիայի, այլ Հայաստանի նկատմամբ ու շատ հաճախ նրանց թվում է, որ ինչ-որ գումարներ ուղարկելով, բարեգործություններով նրանք կարող են քաղաքականություն թելադրել Հայաստանում։ Այդպես չի լինում, որովհետև կապ չունի՝ հայ ես, ռուս, թե ամերիկացի, դա դիտվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, մանավանդ եթե պահանջդ այսրոպեական է։

Ինչ մնում է Հայաստանի իշխանություններին, այստեղ ամեն ինչ պարզ է։ Ինչքան հնարավոր է փող «քերել», որի չնչին մասը կարելի է ինչ-որ նպատակի ծառայեցնել, մնացածը, սակայն, սեփական շահի համար օգտագործել։ Առաջ անցնելով նշենք, որ այս մոտեցումը գերակշռում է ոչ միայն Սփյուռքի, այլև արտաքին աշխարհի այլ հարաբերություններում։ Այսինքն՝ Հայաստանը, օրինակ, կարող է հրաշալիորեն կապ պահել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, սակայն դրանք ծառայեցնել միայն իշխանության ու էլիտայի մի խումբ մարդկանց օգտին։ Սա է Հայաստանի ձախողման հիմնական պատճառը, որ մարդիկ ոչ մի կերպ չեն կշտանում ու հաճախ կորցնում են իրականության զգացումը։ Պետք է հաբերատար աշխատել Սփյուռքի հետ, նրանց բացատրել Հայաստանի շահը, բացատրել, թե ինչպես է գործում հայ դատականության մասին հանրային կարծիքը, ինչ մեթոդաբանությամբ է ընտրվում հասարակությանը այդ հարցի մասին տեղեկացնելը և այլն։ Սրանք խնդիրներ են, որ, եթե ուզում են կայուն ու վստահության մթնոլորտ ստեղծել, պետք է ուշ, թե շուտ, հանձն առնենք։ Հակառակ պարագայում այս անդունդը գնալով խորանալու է։