Լեհաստանի Վրոցլավ քաղաքում օգոստոսի 26-ին ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո տեղի ունեցավ հայկական մշակութային երեկո՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակին:


Մշակութասեր լեհական հանրույթը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայկական խոհանոցին, նկարչական արվեստի հմտություններին, երգ-երաժշտությանը:
Միջոցառման բացման արարողության սկզբում իր խոսքով հանդես եկավ
«Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հկ նախագահ Կարեն Շահումյանը, երաժշտական մասնակցությամբ ելույթ ունեցան դաշնակահար Սուրեն Խաչատրյանը, դուդուկահար Հովհաննես Հովհաննիսյանը, ելույթ ունեցավ Արամ Սայեղը, հայկական պարով հիացրեց Մարի Շահումյանը:


Հյուրերի թվում էր նաև հայտնի և սիրված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:
Հայկական մշակույթով հետաքրքրվածները ծանոթացան նաև ժողովրդական պարին, համտեսեցին համեղ փախլավա և հայկական ավանդական այլ քաղցրավենիքներ:
Տաղանդավոր արվեստագետ Գայանե Շահմուրադյանը ներկայացավ օրիգինալ մտահղացմամբ և ինդոնեզական բատիկ շքեղ գործվածքը ներկայացրեց հայկական մոտիվներով: Հրավիրված հյուրերը առիթ ունեցան հենց տեղում ներկելու հայկական խորհրդանիշներով շալերը,գլխակապերը և կրելու դրանք: Երեկոն իր երգով եզրափակեց ռեփեր Արչի Բարոյանը, ով ի դեպ երկրպագուների մեծ բանակ ունի Լեհաստանում, ում և կանդրադառնանք առաջիկայում:


«Հայկական օրեր» միջոցառումներն ավանդական և շարունակական բնույթ են կրում Լեհաստանում: Վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստեղծված համագործակցությունն ամուր հիմքեր ունի, որոնք հիմնված են մեր հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա:

Անահիտ Մնացականյան