Օգոստոսի 26-ին ժամը 12-ի սահմաններում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է հրդեհի բռնկման դեպք կենսոլորտային համալիրի Խուստուփ արգելավայրի` Խուստուփ լեռան գագաթից 3-4 կմ աջ դեպի Քաջարան քաղաքի ուղղությամբ: Համալիրի աշխատակիցներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են ԱԻՆ մարզային կառույցի ներկայացուցիչներին, մարզային իշխանություններին և համապատասխան այլ մարմիններին: Հրդեհը տարածվել է չորս ուղղությամբ, ինչի մարման համար էլ չորս խմբերով ` համալիրի աշխատակիցները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Որոշ ժամանակ անց հաջողվել է երեք ուղղությամբ կասեցնել հրդեհի առաջխաղացումը և ամբողջությամբ այն մարել: Կրակի մարման աշխատանքները մեկ ուղղությամբ շարունակվում են, աշխատանքներին խոչըդոտում է լեռնային բարձր տեղանքը` ծովի մակարդակից շուրջ 2500 մետր բարձրության վրա, դժվարանցանելի հատված է , որին մոտենալու համար տրանսպորտային միջոցների անհնարինությունը պարտադրում է անցնել ոտքով շուրջ 6-7 կմ ճանապարհ: Հրդեհի տարածքի ստորին հատվածում են գտնվում ԱԻՆ, ՀՀ ԲՆ բնապահպանական և ընդերքի տեսչության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, համայնքի բնակիչներ։

Օգոստոսի 27 - ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ -ի «Խուստուփ» արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաեւ տեղացած անձրեւը։ Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է:Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն։

ՀՀ բնապահպանության նախարարություն

Image may contain: fire and sky

Image may contain: sky, outdoor and nature