Անցյալ 10 օրերի ընթացքում հերթական անգամ սրված իսրայելապաղեստինյան հակամարտության հիմնական թատերաբեմը Երուսաղեմի Հին քաղաքն էր, մասնավորապես՝ Տաճարի լեռը և Ալ-Ակսա մզկիթը, որը Մեքքայի և Մադինայի սրբատեղիներից հետո մուսուլմանների համար իր նշանակությամբ 3-րդ մզկիթն է: Տաճարի լեռան շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը զգալիորեն ալեկոծել էր իսլամական աշխարհը՝ տարբեր երկրների պաշտոնական շրջանակների կողմից հնչած սպառնալից հայտարարություններ Իսրայել պետության իշխանությունների հասցեին, պաղեստինցիների ըմբոստությանն ուղղված աջակցության բազմաթիվ ակցիաներ, բողոքի գործողություններ և հարձակումներ հրեական տարաբնույթ կառույցների դեմ և այլն:
Հանգամանալից կերպով ուսումնասիրելով Ալ-Ակսա մզկիթի հետ կապված զարգացումների նկատմամբ իսլամադավան երկրների իշխանությունների և ազգաբնակչության վերաբերմունքը՝ անհերքելիորեն պետք է նշել, որ և՛ պաշտոնական հայտարարությունների սրությամբ, և՛ հասարակական աջակցության մակարդակով Թուրքիան ակնհայտորեն գերազանցեց մյուս բոլոր՝ անգամ արաբական երկրներին՝ 1 տասնյակից ավելի հայտարարություններ նախագահից մինչև ԱԳ նախարարի մակարդակով, բողոքի ակցիաներ ավելի քան 8 տասնյակ թուրքական բնակավայրերում, հարձակումներ հրեական սինագոգերի, այդ թվում ստամբուլյան «Նևե Շալոմ» սինագոգի դեմ և այլն:
Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների կողմից վարձակալված բնակարանի դեմ տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով Հորդանանից հետո Թուրքիան մուսուլմանական եզակի երկին էր, որտեղ տեղակայված իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվեցին:
Այսպիսով, շուրջ 1,5 տասնամյակ Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի կառավարման գաղափարական ուղղություններից մեկը՝ կրոնականը, կարծես, տվել է իր արդյունքները՝ նաև զգալիորեն ամրանալով թուրք հասարակության շրջանում: