Քանի որ արդեն որոշ «հայկական լրատվականներ» բառ առ բառ թարգմանել են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ իրենք ցանկացած պահի կարող են խոցել Հայաստանում գտնվող «Իսկանդերները», այսինքն՝ իրենք ցանկացած պահի կարող են խոցել Հայաստանում գտնվող ցանկացած բան, ապա կարելի է նաև դրա ցնդաբանությանը անդրադառնալ:
Մինչ այս հայտարարությունը Զաքիր Հասանովը տարբերվում էր իր բանակի ներկա և նախկին գեներալներից, որոնք ժամանակ առ ժամանակ կոչեր էին անում հարվածել Երևանին, հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին և այլն: Հարվածել ինչ-որ կարևոր օբյեկտի բոլորն էլ կարող են: Զաքիր Հասանովը՝ որպես ՊՆախարար, շատ լավ գիտի Մինգեչաուրի ջրամբարի և Բաքվում գտնվող նախագահի նստավայրի մասին և Ադրբեջանի համար կարևոր այլ օբյեկտների մասին: Հասանովը նաև շատ լավ գիտի, թե մեր հրետանին կոնկրետ որ տարածքից նշվածներից որը կարող է խոցել:
Իրականում շատ վատ է , որ Ադրբեջանի 8-րդ պաշտպանության նախարարը, ով 2013 թվականից ղեկավարում է այդ կառույցը և հաստատ բավարար ռազմական գիտելիքներ ունի, խոսում է սպառնալիքի լեզվով: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանի՝ բնակչության ու բանակի մարտական ոգին տեղը պահելու համար:
Ստացվում է այնպես, որ աշխարհի երեսին ցանկացած երկրի ՊՆախարար կարող է նմանատիպ հայտարարություն անել, քանի որ բոլորն էլ ունեն ինչ-որ զենք, որով կարող են ինչ-որ բան խոցել, բայց այս հայտարարությունը զուտ սիրտ մխիթարելու համար է, ոչ ավելին: Ու սիրտ մխիթարելու համար է ինչպես իրենց համար, այնպես էլ մեզ համար: Մոտակա մի քանի տարին հաստատ նման զենքերով նման կարևոր թիրախների ո՛չ մենք, ո՛չ իրենք չեն խոցի:
Աշոտ Ասատրյան