Որքան էլ երեխայի և ցանկացած խաղաղ, անզեն բնակչի մահանալու փաստը մեզ համար անընդունելի է, սակայն հայկական բանակի ընտրած մարտավարությունը ամենաիդեալականն է այս պահի դրությամբ: Թշնամուն կանխել այնպես, որպեսզի երկրորդ հարվածը տալուց առաջ մի քիչ մտածի, թշնամուն կանխել այնպես, որպեսզի ամբողջ աշխարհով ոռնոցը լսվի: Իհարկե շատ ցավալի է, որ այդ գործընթացի ժամանակ զոհվում են երեխաներ ու մարդիկ, որոնք անզեն են ու զոհվել են զուտ միայն Ադրբեջանի ռազմական քաղաքականության հետևանքով:
Ճիշտ է, միշտ իրար վրա կրակելով հարցը երևի դեռ երկար վերջնականապես չի լուծվի, քանի որ Ադրբեջանին չի հետաքրքրում իր կորուստների քանակը, իսկ կորուստներ Ադրբեջանը ավելի շատ կունենա, քան Հայաստանը, քանի որ ադրբեջանական գյուղերը ավելի խիտ են բնակեցված ու մեկ արկի պայթյունի հետևանքով ավելի շատ վնասներ են կրում: Խիտ բնակեցվելը ժողովրդի քանակի հետ կապ չունի, դա ադրբեջանցիների սովորությունն է, նույնիսկ 10 ընտանիքի դեպքում իրենք բնակավյրերը շատ խիտ են կառուցում:
Բայց, նման պատերազմի մեջ գտնվելով մենք չպետք է սկսենք ուրախանալ երեխաների դիակներով: Մենք պետք է հիշենք մեր հերոսների խոսքը, որ իրենք անզեն մարդկանց դեմ չեն կռվում: Մեր զինվորները նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահերին, երբ գյուղեր էին մտնում, որտեղ ադրբեջանցի բնակիչներին անտեր թողել ու փախել էր իրենց զորքը, կյանքում ոչ մեկին չէին վնասում, ավելի լավ էին պահում նրանց , քան իրենք իրենց:
Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի քայլը այս իրադրության ժամանակ նույնպես հերոսական ու հաղթողի քայլ էր: Տեղի ունեցած դեպքերի հետ կապված գեներալը հայտարարել է՝ «Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան»:

 

Աշոտ Ասատրյան