Զատիկի գլխավոր խորհուրդն ինձ համար Հիսուսի հարությունը չէ, որին ես վերաբերվում եմ որպես գեղեցիկ հեքիաթի, ոչ էլ բնության և կյանքի զարթոնքի՝ էլ ավելի հին խորհուրդը, Զատիկի գլխավոր խորհուրդը ինձ համար զատման գաղափարն է։ Տարվա ընթացքում, էլ չեմ ասում՝ տարիների, մարդը խճճվում է իր ցանկությունների, սկզբունքների, պարտավորությունների մեջ, մարդը ստիպված է լինում զիջել, հաղթահարել իր մեջ նողկանքը՝ մերձավորներին սիրելու համար, ստիպված է լինում ներել, հասկանալ, հաշտվել, հարմարվել, նորից զիջել, հա զիջել, անվերջ զիջել... Մարդը կորցնում է դիմադրողականությունն ու առաձգականությունը, խառնվում ու նմանվում է նրանց, ում ատում էր ու պիտի ատեր։ Զատիկը սովորաբար տեղի է ունենում պատերազմների, աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք ստիպում են մարդկանց սթափվել, զատել իրարից թացն ու չորը և առաջին հերթին՝ զատվել։ Բացի այդ, նման իրավիճակներում այդ ամենն ավելի հեշտ է անել, որովհետև մարդկանց դիմակները պատռվում են, մարդիկ հանդես են գալիս իրենց իսկական էությամբ։ Զատիկ է սկսվում նաև էն ժամանակ, երբ մարդը հայտնվում է անձնական ծանր վիճակում՝ հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական առումով։ Եվ երբ մարդու ներաշխարհում կամ հասարակությունում երկար ժամանակ զատիկ չի լինում, կյանքն անխուսափելիոեն հանգեցնում է նման իրավիճակների։
Այդպիսի զատիկ էր մարտի մեկը։
Իմ կողմից զատկական այս օրվա առիթով կարող եմ ասել՝ իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ մարտի մեկի սպանդին ինչ֊որ ձևով մասնակցածներինը, աջակցածներինը և հանցավոր լռություն պահպանածներինը՝ անկախ նրանից, թե հանգամանքների բերումով որքան ցիվիլ հարաբերություններ կհաստատվեն մեր միջև։ իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ դիակների վրայով առաջ գնալու պատրաստ կարիերիստներինը, մասնավորապես կուսակցական կարիերիստներինը, անկախ նրանից, թե որ կուսակցությունից նրանք կլինեն։ Իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ՝ դավաճաններինը, ու կարևոր չի՝ նրանք ինձ են դավաճանել, ընհանուր գործին, թե իրենց սկզբունքներին ու իրենք իրենց։ Ես քրիստոնյա չեմ ու չեմ ներում։))))