Ապրիլի 7-ի վաղ առավոտյան, ի պատասխան Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում իրականացված քիմիական հարվածի, ամերիկյան օդուժը, առաջին անգամ սիրիական հիմնախնդրի շրջանակներում, թիրախավորված զանգվածային օդային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին: Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան 2 ռազմանավերից 59 Tomahawk տեսակի թևավոր հրթիռներով հրթիռակոծվել է Հոմս նահանգում գտնվող ալ-Շայրաթ ռազմական օդանավակայանը և ռազմաբազան, որտեղ Իդլիբում իրականացված գործողությունից հետո տեղակայվել են սիրիական ռազմական օդանավերը և որն, ի դեպ, օգտագործվել է նաև ռուսական օդատիեզերական ուժերի կողմից. կան նաև զոհեր: Հայտնի է նաև, որ օդային հարվածից 2 ժամ առաջ դրա մասին իրազեկվել է ռուսական կողմը, նաև Իսրայելը, Չինաստանը և այլն:


Գործընթացները սիրիական հակամարտության շրջանակներում բավականին հետաքրքիր, նաև վտանգավոր ընթացք են ստանում: Շատ բան կապված է նաև Մոսկվայի արձագանքից. ենթադրելի է, որ Ռուսաստանը նախ և առաջ կփորձի իրավիճակը հանդարտեղնել դիվանագիտական ճանապարհով:

 

Արմեն Պետրոսյան