Այսպես է եզրակացրել հեղինակավոր Բրուքինգս հաստատության կողմից կատարված հետազոտությունը, որը հիմնված է ժամանակակից միջազգային փորձից վերցրած 100-ից ավելի ընտրական բոյկոտների փորձի վրա: Այնտեղ նշվում է, որ իրագործված բոյկոտներից հազվադեպ դեպքեր են պսակվել հաջողությամբ և բերվում է Պերուի դեպքը:

Հետազոտության մեկ այլ շատ հետաքրքիր եզրակացություն այն է, որ բոյկոտի սպառնալիքի միջոցով իշխող կուսակցությունից զիջումներ կորզելու մարտավարությունը ավելի հաճախ է հաջողությամբ պսակվել քան ինքը փաստացի բոյկոտը: Ահա այստեղ խորհել է հարկավոր և արագ կողմնորոշվել:

Սրանից ի՞նչ եզրակացության կարող են անել ընդդիմադիր ուժերը: Իմ կարծիքով ամենահարմար մարտավարությունը այն է, որ Րաֆֆին, Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը և Բագրատյանը միասնաբար պահանջներ ներկայացնեն վարչակազմին՝ սպառնալով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն ապա նրանք միասնաբար դուրս են գալիս ընտրարշավից և ընտրողներին էլ կոչ են անում բոյկոտել ընտրությունները:

Հարց է առաջանում, ինչպիսի՞ պահանջներ պետք է ընդդիմությունը ներկայացնի, որոնցով իրատեսորեն կարելի լինի զիջումներ կորզել: Իմ կարծիքով դրանք պետք է վերաբերվեն ընտրական օրենքին և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:

- Նախ և առաջ, ինչպես գալիք նախագահական այնպես էլ 2012-ի ԱԺ ընտրությունների մասնակիցների ցուցակները պետք է հրապարակվեն:

- Երկրորդը, ընդդիմությունը պետք է արագ նախապատրաստի ընտրական օրենքի այլ փոփոխությունների նախագիծ և պահանջի ԱԺ-ի արտակարգ նիստ, որտեղ ՀՀԿ-ն պետք է համաձայնվի ընտրական օրենսդրության փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ավելի թափանցիկ և ազատ ընտրություններ:

- Երրորդը, ՀՀ տարածքից դուրս ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պետք է վերականգնվի:

Ինչ վերաբերվում է Անդրիաս Ղուկասյանի պահանջին, որ ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, դա շատ ավելի կատեգորիկ է (թեև միանգամայն արդարացի) և հետևաբար պահանջի կատարումը անհավանական: Ավելի լավ է ներկայացնել չափավոր, օգտակար, բայց նաև իրատեսական պահանջներ, և զիջումներ կորզելուց հետո գնալ ընտրությունների: Իսկ եթե ոչ ուրեմն՝ ԲՈՅԿՈՏ: