ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանի հետ կայացած հարցազրույցում նշել էինք, որ 2012թ. զորամասի ստորաբաժանումներից լավագույնը փոխգնդապետ Գառնիկ Պետրոսյանի Ս-125 զենիթահրթիռային դիվիզիոնն է։ Հաջողությունն օրինաչափ է, որովհետև փոխգնդապետ Գ. Պետրոսյանը փորձառու մասնագետ է, հմուտ կազմակերպիչ և իր զբաղեցրած նախորդ բոլոր պաշտոններում երբեք բացթողումներ չի ունեցել։ Երբ եղանք դիվիզիոնում և զրուցեցինք հրամանատարի հետ, պարզաբանեց, որ իրենք առաջինն են ոչ միայն զորամասի, այլ նաև համակարգի Ս-125 դիվիզիոնների մեջ։ Իրոք, սա լուրջ ձեռքբերում է, որովհետև այդ զենքով զինված զորամասերի և ստորաբաժանումների միջև մրցակցությունը միշտ էլ շատ ուժեղ է լինում։ Իսկ զորատեսակի համաբանակային մրցումներում դիվիզիոնի մեկնարկային մարտկոցների հետ հաղթել և լավագույն ԴԶՀՀ հաշվարկի հրամանատար է ճանաչվել կրտսեր սերժանտ Դավիթ Հովհաննիսյանը։ Այս ամենը, իրոք, խոսում է անձնակազմի մասնագիտական բարձր որակավորման մասին։ Ամեն դեպքում դիվիզիոնի հրամկազմի համար ամենակարևորը մարտական հերթապահության անթերի անցկացումն է։

-Ցանկացած աշխատանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բայց մեզ մոտ դրանք բացառվում են։ Մենք դրա իրավունքը չունենք, և այդ բանը շատ լավ են գիտակցում դիվիզիոնի բոլոր զինծառայողները, նույնիսկ մարտական հերթապահության, տեխնիկայի հետ կապ չունեցողները,- ասաց մայոր Ա. Ալիխանյանը։

ՀՕՊ համակարգում շատ ավելի հզոր՝ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի ներդրումից հետո, զինված ուժերի հրամանատարությունը չհրաժարվեց Ս-125 հրթիռներից, որովհետև լեռնային տարածքում դրանց կիրառումը կարող է լինել շատ օգտակար և պաշտպանությունը դարձնել ավելի հուսալի։ Սակայն ամենալավ զենքն էլ կարող է ոչինչ չարժենալ, եթե չկան այն օգտագործող բարձրակարգ մասնագետներ։

-Մարտկոցները համալրված են խառը՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներով։ Ժամկետայինները դիվիզիոնը համալրում են ուսումնական զորամասից, իսկ պայմանագրայիններին ընտրում ենք մենք ու բնականաբար նախապատվությունը տալիս ենք նրանց, ովքեր իրենց պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել են ՀՕՊ զորամասերում ու տիրապետում են մասնագիտությանը,- ասաց փոխգնդապետ Գ. Պետրոսյանը։ -Բայց անհնար է ռազմական գործը պատկերացնել առանց ամենօրյա ուսումնական աշխատանքի։ Մարտական հերթապահությանը զուգահեռ պարապմունքներ են անցկացվում ինչպես ժամկետայինների, այնպես էլ պայմանագրայինների հետ։ Մեկնարկային մարտկոցը, որը հաղթեց մրցումներում, համալրված է պայմանագրայիններով։ Կարևորում ենք նաև տեխնիկայի սպասարկումն ու խնամքը։ Լինում են շատ հարցեր, որոնք լուծում են զորամասի, ՀՕՊ վարչության և մեր երկրի ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետները։ Այսինքն՝ կա տեխնիկայի արդիականացման ծրագիր, և վերադասի հսկողությամբ այն կատարվում է։ Կարող եմ ասել, որ հենց այդ ծրագրի իրականացման շնորհիվ էլ դիվիզիոնը դարձել է ավելի շարժունակ, կարող է հեշտ տեղափոխվել, մեծացել է մարտական կրակի արդյունավետության աստիճանը։ 2012թ. որոշակի աշխատանքներ են կատարվել նաև զորանոցաշինության բնագավառում։ Երբ նախարար Սեյրան Օհանյանն այցելեց դիվիզիոն և տեղում ծանոթացավ մեր ծառայության պայմաններին, համապատասխան կազմակերպություններին տվեց հանձնարարականներ և առաջնահերթության կարգով լուծվեցին տարածքի ցանկապատման, զինանոցի տանիքի նորոգման հարցերը, կառուցվեց նոր բաղնիք ու սանհանգույց։