Նեթանյահուի այցը Բաքու.Էներգետիկա, զենքեր և Իրան
Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան և կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Էներգետիկա և զենքեր
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Ըստ դեսպանի, Նեթանյահուն Բաքու կայցելի մինչև այս տարվա վերջ, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել։
Սթավը նշել է, որ Ադրբեջանի ու Իսրայելի միջև առկա է մեծ ներուժ տնտեսական կապերի աշխուժացման համար`գյուղատնտեսություն, դեղագործության, մասնավոր հատվածների միջև բիզնես կապերի զարգացման առումներով։
Նա հավելել է, որ Իսրայելը քննարկում է ադրբեջանական ԹԱՆԱՓ գազամուղով իսրայելական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու հնարավորությունը։
Այսպիսով, Թուրքիա–Իսրայել հարաբերությունների վերականգնումից շահում է առաջին հերթին երկու երկրների ռազմավարական գործընկեր`Ադրբեջանը։ Բաքուն այլևս կարիք չունի խուսանավելու Թել–Ավիվի ու Անկարայի միջև`հանդես գալ թուրքամետ հայտարարություններով`Անկարա–Թել–Ավիվ հակամարտության պատճառով։ Թուրք–իսրայելական հարաբերությունների վերականգնումը թույլ կտա Ադրբեջանին Իսրայել–Ադրբեջան ֆորմատը`այդ թվում էներգետիկ–տրանսպորտային, դարձնել եռակողմ`Ադրբեջան–Թուրքիա–Իսրայել։ Մասնավորապես, ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնելու է Իսրայել, իսկ ԹԱՆԱՓ և այլ խողովակաշարերով իսրայելական գազի ավելցուկը`կարտահանվի Եվրոպայի շուկաներ։
Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից:
Ադրբեջանա–իսրայելական համագործակցության ևս մեկ վտանգավոր ոլորտը ՀՀ–ԼՂՀ–ի համար կարող է առնչվել իսրայելցի զինվորական մասնագետների կողմից ադրբեջանական բանակը թրեյնինգների, ուսումնական ծրագրերի ներդրմամբ, տեխնոլոգիաների փոխանակման և այլն, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ։
Չմոռանանք, որ Իսրայելի հատուկ ջոկատայինները(Duvdevan) համարվում են աշխարհում լավագույներից մեկը ու Բաքուն կարող է իր նավթադոլարներով վարձել մասնագետներ`զորացրված կամ Իսրայելի կառավարության, ԳՇ–ի համաձայնությամբ գործող զինվորականների միջոցով ադրբեջանական հատուկ ջոկատայիններին մարզելու համար`պատրաստել լեռնային տեղանքում`Արցախ, դիվերսիոն գործողություններ կատարել ու մարտեր վարել բնակավայրերում`Իսրայելն այդպիսի հարուստ փորձ ունի`Գազայի հատված, Հարավային Լիբանան և այլն։ Այս պահին,Ադրբեջանի ԶՈՒ–րի հատուկ ջոկատայինների հետ, ըստ ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկատվության, ակտիվ աշխատում է Թուրքիան։ Թուրք մասնագետներին զուգահեռ`փորձի փոխանակման շրջանակներում Բաքուն կարող է հրավիրել նաև իսրայելցի մասնագետներին։
Չմոռանանք, որ Ադրբեջանի ՊՆ–ը վերջերս արդեն ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները:Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով։
Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը` կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով:
Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով:
Իսրայել–Ադրբեջան տանդեմն ընդդեմ Իրանի
Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի
դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:
Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ դիվերսիոն–հետախուզական գործողություններ կատարելու համար, այդ թվում աջակցելով Իրանի հյուսիսում ադրբեջանական և քրդական անջատողականությանը։
Թեհրանը միշտ էլ կտրուկ է արտահայտվել Թել–Ավիվի և Բաքվի ռազմավարական կապերին սերտացմանն ու Նեթանյահուի այցն ևս մեկ առիթ կհանդիսանա Իրանի դժգոհության և հնարավոր է պատասխան քայլերի, ինչից պետք է օգտվի հայկական կողմը։
«Համայնքները»`soft power և լոբբիստներ
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրակորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:
Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:
Դրան զուգահեռ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ։
ՀՀ–ի քայլերն` Իսրայել–Ադրբեջան տանդեմի գործողություններին
Իրան-ՀՀ տնտեսական փոխհարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական կապերին ու հարևան երկրի նախագահի այցի ընթացքում այդ բացը պետք է շատ օպերատիվ կերպով լրացվի։ Նախաձեռնողականությունը պետք է բխի առաջին հերթին Երևանից, քանի որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները զգալի վերելք են ապրել`այս օրերին ավարտին է հասցվել երկու երկրները կապող երկաթգիծը։
Ի դեպ, Իրան-Ադրբեջան տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված քայլերի նախաձեռնողը հենց Բաքուն էր, ով անգամ կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Թեհրանին`Իրան-Ադրբեջան երկաթգծի իրանական հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ ՀՀ պետք է առաջին հերթին ներգրավվի իրանական ուղիղ ներդրումները հայկական տնտեսության մեջ`հատկապես մարզեր` Սյունիք, որը սահմանակցում է Իրանին, ինչը կդադարեցնի նաև արտագաղթը։ Բացի այդ, պետք է խորացնել Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը`Իրանն ունի հզոր ռազմա-արդյունաբերական համալիր ու հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան խոր ռազմավարական կապերն Երևանը պետք է դրան ի հակակշիռ սերտացնի կապերն Իրանի հետ։
Ծրագրերը պետք է լինեն կոնկրետ, այլ ոչ թե կենացային մակարդակով հերթական անգամ խոսվի հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, իսկ այդ ֆոնին Իրան-ՀՀ երկաթգիծն այդպես էլ կարծես անցավ պատմության գիրկը։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, որն այնքան դանդաղ է կյանքի կոչվում, կոռուպցիոն սկանդալներով լի նախագիծ է, որ իրանական բեռնափոխադրողները կարող են նախընտրել Ադրբեջանի տարածքը`ՌԴ, անգամ Վրաստան ու Սև ծով դուրս գալու համար։ Ադրբեջանը երեք տարով ճանապարհային հարկից ու այլ տուրքերից ազատել է իրանական բեռնափոխադրողներին, ինչը լրացուցիչ խթան է ու քայլ ուղղված ՀՀ-ից իրանական փոխադրողներին դեպի ադրբեջանական ենթակառուցվածքներ շեղելու համար։ Հայ-իրանական հարաբերություններում քաղաքական բարձր հայտարարություններից պետք է անցնել խոր տնտեսական կոոպերացիայի բոլոր ոլորտներում։
Արտեմ Բալասանով