«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

ԻՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿՈՆԿՐԵՏ


1. Պարզել, թե ինչպե՞ս են Գագիկ Խաչատրյանի որդիները ԱՄՆ-ում գնել 11 մլն դոլար արժողությամբ առանձնատուն:

 

2. Պարզել, թե ինչպե՞ս է գոյացել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի 52 մլն դոլար պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, որի դիմաց հիմա քննարկվում է գույքով փակելու հնարավորությունը՝ մասնավորապես գազաբաշխիչ ցանցեր ու խողովակաշարեր հանձնել ռուսական ընկերությանը:

 

3. Պարզել Տիգրան Սարգսյանի, Միհրան Պողոսյանի և մյուս պաշտոնյաների օֆշորային սկանդալների հանգամանքները և օրենքով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնել:

 

4. Ավետիք Բուդաղյանի սպանության գործով անհերքելի ապացույցների հիմքով որպես մեղադրյալ ներգրավել Սուրիկ Խաչատրյանին:

 

5. Սկսել բնակարաններ կառուցել Գյումրիի անօթևան ընտանիքների համար:

 

6. Անկախ միջազգային աուդիտի ենթարկել ՀՀ ստացած վարկերի ծախսման արդյունավետությունը:

 

7. Ստուգել օդում կախված լուրերը Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին: Մասնավորապես ստուգել հետևյալ հարստության ծագման աղբյուրների օրինականությունը՝ 2 բարձրահարկ շենք և 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի տասնյակ բենզա և գազալցակայաններ, Արտֆուդի 50%-ը, Արարատ ցեմենի 30%-ը, մի քանի խաղատներ, Ղրիմում հանգստյան տուն 7 մլն դոլարով, հանգստյան տուն և 5 հա հող Ծաղկաձորում, Ատրաշատի Սիրիուս գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցախսպասարկման ծառայությունների շենքը, Արտաշատ Պլազա առևտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող երեք ավազահանքեր, 2500 հա հող Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան համայնքներում… լավ, հոգնեցի թվարկել:

 

ՁԵՎԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1. Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար Կարեն Կարապետյանն առաջարկում է, որ նույն դպրոցում մայր և աղջիկ չաշխատեն:

 

2. Կարեն Կարապետյանը կտրուկ պատասխանել է Վարդան Այվազյանին:

 

3. Կարեն Կարապետյանն իջավ մեքենայից, մոտեցավ լաց լինող տիկնոջը, որը հասցրեց նամակ հանձնել նրան, շնորհավորել և ասել, որ անտուն է, ապրելու տեղ չունի: Վարչապետը լսեց, գրկեց տարեց կնոջն ու ասաց՝ «Շատ լավ»:

 

4. Կարեն Կարապետյանը օպտիմալացում բառը փոխարինեց կտրուկ կրճատում բառով:

 

5. Կարեն Կարապետյանը Հասմիկ Պողոսյանին առաջարկեց զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է:

 

6. Կարեն Կարապետյանը կոչ է արել վերացնել պրիմիտիվ գողությունը:

 

7. Կարեն Կարապետյանն առաջարկեց երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել:

 

8. Կարեն Կարապետյանն առաջարկել է գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում:

 

9. Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

 

10. Առողջապահության ապագա փոխնախարարը հեծանիվով է գնում գործ, իսկ Կարեն Կարապետյանը հրաշալի նվագում է հարվածային գործիքներով:

 

11 Եվ այսօրվա լուրը՝ Կարեն Կարապետյանը հարցրեց, արդյո՞ք հնարավոր է վերագործարկել Երազ գործարանը:

Կարևորը դռայվնա չէ՞