Օրեր առաջ կայացած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորների հիմնական ուշադրության առարկան կրկին Ընտրական նոր օրենսգիրքն էր: Ելույթ ունեցողների մեծամասնությունը, թեև ողջունում էին ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները, սակայն նաև փաստում էին, որ այդ պայմանավորվածությունները միևնույն է չեն նպաստում ընտրակեղծարարության վերացմանը:
ԸՕ-ի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների ընթացքում իշխանությունը զարմանալիորեն համաձայնում էր ընդդիմության գրեթե բոլոր առաջարկների հետ ու սա հասարակական-քաղաքական լայն շրջանակներում ընկալվում էր որպես առաջիկա ընտրություններում դրական փոփոխությունների տեսլական: Սակայն ընտրական գործընթացները ցույց տվեցին հակառակը: ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ իշխանությունը շարունակում է իր հայտնի մեխանիզմներով ապահովել ընտրական գործընթացների իրեն ձեռնտու ընթացքն ու որոշել, թե վերջնարդյունքում ովքեր են հայտնվելու հաղթողի, իսկ ովքեր՝ պարտվողի դերում: Որոշ դեպքերում անգամ իշխանությունը դիմեց վարչարարական նոր լծակների կիրառմանը:
Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ անգամ ունենալով ձայների փոքրամասնություն ՝իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է ձեռք բերել մեծամասնության լիազորություններ:
Այդ առումով ՏԻՄ ընտրությունները կարծես դարձան 2017թ-ին սպասվելիք Պառլամենտական ընտրությունների փորձադաշտը և ինչ-որ չափով թույլ տվեցին պատկերացնել, թե ընտրական գործընթացների նկատմամբ նման մոտեցման պարագայում ինչպիսի Պառլամենտական ընտրություններ են մեզ սպասվում: Մասնավորապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ եթե ՏԻՄ ընտրությունների դեպքում իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ ինչ-որ բացթողումներ, ապա արդեն Պառլամենտական ընտրությունների պարագայում նրանք գործելու են շատ ավելի հետևողական և թելադրելու են խաղի ավելի բիրտ կանոններ:
Ժամանակի ընթացքում 4+4+4 ձևաչափով համաձայնագիրը թվում է վերածվում է իշխանության և ընդդիմության միջև յուրօրինակ կարտելային համաձայնության, որի հիմնական նպատակը միմյանց միջև ստվերային կերպով դերերի և իշխանական լծակների տոկոսադրույքների բաժանումն է: Արդյունքում գործող քաղաքական ուժն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացնում իշխանության մենաշնորհն ու երբեմն մեծահոգաբար թույլ տալիս, որ ընդդիմությունը ևս օգտվի իշխանական կերակրատաշտակի փշուրներից:
Այս պարագայում հարց է առաջանում, թե քաղաքական դաշտում, ուժերի նման հարաբերակցության պայմաններում, արդյո՞ք կկարողանան գործող ընդդիմադիր կուսակցությունները հաղթահարել Պառլամենտական ընտրությունների նոր մարտահրավերներն ու ապահովել ձայների մեծամասնություն: Քանի որ մի կողմից մենք տեսնում ենք իր դիրքերը ոչ մի կերպ չզիջող Հանրապետական կուսակցությանն՝ իր ահռելի ռեսուրսներով ու հնարավորություններով, իսկ մյուս կողմից սահմանափակ ռեսուրսներով օժտված, երբեմն նույնիսկ հենց իշխանության կողմից «բուծված» ընդդիմադիր ուժերին, որոնք ամեն կերպ փորձում են ընտրությունները բերել օրինականության դաշտ ու հաստատել դեմոկրատական խաղի կանոններ, բայց դա մինչև օրս նրանց մոտ չի ստացվում: