Հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղի հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Հրապարակված տեսնայութերում երևում է, թե ինչ վիճակում են այս պահին արթիկցիներից շատերի տները: Էլ չենք խոսում որոշակի ցանքատարածություններին, ընտանի կենդանիներին հասցրած վնասների մասին:

 


Ինչ խոսք, սա խնդիր է, որը պահանջում է հստակ լուծումներ: Հանրային դաշտում հնչում են բազմաթիվ կարծիքներ Արթիկում տեղի ունեցած աղետի վերաբերյալ: Կան նաև որոշակի մտավախություններ, որ այս հարցը, մեղմ ասած, կմնա օդում կախված: Իհարկե, տրամաբանակն էր, որ այս ամենի ֆոնին հասարակության տարբեր շերտերի մոտ պետք է սկսվեր դժգոհության ալիք: Վերջիվերջո անընդհատ հնչում են հարցեր՝ կլինի պետությունը բնակիչների կողքին, թե՞ ոչ:

 


Այս հարցադրումները հասկանալի են, սակայն պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Դեռ շաբաթ օրը՝ հունիսի 25-ին, Արթիկ այցի ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի:
Սա նշանակում է, որ պաշտոնական մակարդակով արդեն հաստատվել է քաղաքացիներին օգնելու հարցը ու ընդհանուր առմամբ անհանգստությունների առիթ այս առումով կարծես չկա: Մնում է միայն սպասել վնասի չափերի հաշվարկների ավարտին, դրանից հետո արդեն կարծում եմ պարզ կլինի ընդհանուր պատկերը:

 

Վլադ Կարախանյան