Հռոմի Պապ Բենեդիկտոսի նամակը թուրքական սուլթանին... 1914-1922 թթ. Վատիկանում պաշտոնավարած Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-ը 1915 թվականի սեպտեմբերի 10-ին պաշտոնական նամակով (փաստացի՝ բողոքի նոտայով) դիմում է Օսմանյան Թուրքիայի սուլթան Մեհմեդ 5-ին (այն ժամանակվա սահմանադրությամբ՝ նա դե-յուրե երկրի առաջին դեմքն էր)' իր բողոքի ձայնը բարձրացնելով Թուրքիայի վիլայեթներում սկսված հայերի զանգվածային տեղահանությունների ու սպանությունների կապակցությամբ և հորդորելով սուլթանին շտապ միջոցներ ձեռնարկել այդ անմարդակային սպանդը անհապաղ կասեցնելու համար:

 

Նամակում մասնավորապես ասվում էր. «Շատ ցավալի կերպով մեզ են հասել ընդարձակ Օսմանյան կայսրությունում աննկարագրելի և որակում չունեցող տառապանքների ու տանջանքերի ենթարկված մի ողջ ազգի հեծեծանքները: Պարզվել է, որ հայ ազգի զավակների մեծ մասն ուղարկվել է դեպի անգոյություն, և որ նրանց մեջ բազմաթիվ վանականներ, անգամ որոշ եպիսկոպոսներ, ինչպես նաև' հայ ազգի շատ զավակներ են բանտարկվել, աքսորվել ու երկրից հեռացվել: Հենց նոր մեր ստացած տեղեկության համաձայն' մի շարք քաղաքների և ավանների բոլոր բնակիչներին հարկադրում են մեծ նեղություններով ու տառապանքներով լքել իրենց երկիրը' հեռավոր կենտրոններ փոխադրվելու համար, այնինչ նրանք, այդ կողմերում տառապանքներից ու հոգեկան տանջանքերից բացի, ենթարկվելու են նաև ամենասարսափելի չքավորության զրկանքներին, անգամ' սովի չարչարանքին»:

 

Սուլթանը Պապին պատասխանեց բավականին ուշ, 1915-ի նոյեմբերին' տալով կեղծիքներով լի պատասխան: Հայտնի է, որ Հռոմի Պապ Բենեդիկտոսը նույն այդ հարցադրումով ու պահանջով պաշտոնապես սուլթանին է դիմել երեք անգամ: Նշենք, որ Պապ Բենեդիկտոսն առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերել ցեղասպանությունից տուժած հայերի նկատմամբ. նրա ջանքերով 1918-ին Պոլսում բացվել է «Բենեդիկտոս ԺԵ» հայկական որբանոցը, իսկ Պոլսում Հռոմի Պապի դեսպան Անջելո Դոլչիի գործադրած ջանքերի շնորհիվ կանխվեց 1918 թվականին պոսլահայերին աքսորելու երիտթուրքերի ծրագիրը:

 

Ուղիղ 100 տարի անց, արդեն մեր օրերում, թուրքական կառավարության կողմից իրականացրած այդ մեկդարյա վաղեմության ոճրագործությունը Հռոմի ներկայիս Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում արտասանած իր պաշտոնական ելույթում սահմանեց որպես' «մարդկության հանդեպ իրականացված առաջին ցեղասպանություն (գենոցիդ)»:

 

Ռուբեն Շուխյան