Բավականին անսովոր է, խոսելով 21-րդ դարի ամենահայտնի և հարուստ մարդկանցից մեկի մասին, նշել նրա ծննդյան ամսաթիվը' 1984 թվական: Բայց դա իրականում այդպես է: Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում: Մայրը հոգեբույժ է, հայրը' ստոմատոլոգ: Ընտանիքում կա չորս երեխա: Մարկը ունի մեկ ավագ և երկու կրտսեր քույրեր: Ընտանիքի բազմանդամությունն է ստիպում Մարկին փոքր տարիքում կատարել իր առաջին լուրջ քայլը ծրագրավորման մեջ' 11 տարեկան հասակում նա ստեղծում է ընտանեկան մինի-ցանց, որով կարող էր շփվել ծնողների և քույրերի հետ: Դրանից մեկ տարի առաջ, 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Մարկը նվեր է ստանում իր առաջին համակարգիչը' 486 Quantex DX և միանգամից սկսում է “լրջորեն” հետաքրքրվել նոր խաղալիքով: Պետք է նշել, որ մինչ այդ նրա նախասիրությունները այլ բնույթի էին: Տղան հետաքրքրվում էր հնագույն մշակույթներով և նույնիսկ սովորում էր լատիներեն և հունարեն: Սակայն համակարգչային լեզուները ավելի գրավիչ են դառնում նրա համար: Հետագայում Մարկը ասում է, որ մարդիկ լինում են երկու տեսակի' օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները' սկսում են փոխել այն և օգտագործել' բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար:

 


Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կրկին նույն Microsoft-ը առաջարկում է նրան բարձր վարձատրվող աշխատանք, սակայն Մարկը չի ընդունում հրավերը և մեկնում է սովորելու Հարվարդ' ընտրելով իր համար ոչ թե համակարգչային տեխնոլոգիաները, այլ հոգեբանությունը:
Հարվարդում նա անմիջապես ձեռք է բերում բանիմաց հակերի և ծրագրավորողի հեղինակություն: Մարկին հաջողվում է “կոտրել” համալսարանի բոլոր ուսանողների տվյալները և նկարները պարունակող սերվերը և կազմակերպել հարվարդյան աղջիկների ցանցային ինքնատիպ գեղեցկության մրցույթ: Դրանից հետո համալսարանի ղեկավարությունը գրեթե որոշում է կայացնում նրան հեռացնելու մասին, բայց նաև նշում է իր զեկույցում, որ Ցուկերբերգը օժտված է բացառիկ ունակություններով:

 


2003 թվականի ողջ ընթացքում հնդկական ծագում ունեցող ամերիկացի Դիվիյա Նարենդրան և Կեմերոն ու Թայլեր Վինկլվոսս եղբայրները աշխատում էին “ConnectU” նախագծի ստեղծման վրա: Դա կայք էր ուսանողների համար, որտեղ կարելի էր հանդիպել և շփվել: Աշնանը նրանք առաջարկում են Մարկին աշխատել իրենց հետ: Նա համաձայնվում է, սակայն անսպասելիորեն, 2004 թվականի հունվարի 11-ին գրանցում է TheFacebook.com անվանումը (հետագայում The-ն դուրս է գալիս), իսկ փետրվարի 4-ին այն սկսում է աշխատել: Պետք է նշել, որ ստեղծել Facebook-ը նրան օգնում են ընկերները' Էդուարդո Սավերինը, Դասթին Մոսկովիցը, Էնդրյու Մաքքոլումը և Քրիստոֆեր Հյուզը:

 


Նոր սոցիալական ցանցի հայտնվելուց անմիջապես հետո Նարենդրան և Վինկլվոսսները սկսում են պնդել, որ Մարկը գողացել է իրենց միտքը: 2007 թվականին նրանք դատավարություն են սկսում Ցուկերբերգի դեմ: Դատարանի պահանջով անցկացվում է կայքի կոդի քննություն, սակայն արդյունքները մինչև հիմա էլ գաղտնի են: 2009 թվականին հայցվորներին հաջողվում է հասնել հաջողության և Մարկը վճարում է նրանց 65 միլիոն դոլար: Չնայած այդ ժամանակ նրա համար դա արդեն լուրջ գումար չէր, քանի որ Facebook-ը դարձել էր շատ հաջող նախագիծ, իսկ Ցուկերբերգը' միլիարդատեր: Այժմ նրա կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:

 

Գրիշա Աղաջանյան