Ուսուցչի օրվա շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առսջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթի կարևորագույն կետերից էր Թուրքիայի հանդեպ ակնհայտ կոշտ արտահայտությունը, որտեղ այս երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոն Անթալիան ոչ միայն բնութագրվել է որպես անառակության վայր, այլև այնտեղ ճամփորդելը դիտարկվել է արգելված՝ հարամ և կոչ է արվել իրանցի պատասխանատուներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միտված Թուրքիա այցելելու նույնիսկ գովազդի կանխմանը:

 


Ուշագրավ է նաև, որ այս տեղեկատվությունը տարածել է Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսին մոտ կանգնած «Ջավան» թերթը, որը Թուրքիային մեղադրել է նաև նուդիստական ծովափեր ունեցող միակ իսլամադավան երկիր լինելու մեջ:
Ակնհայտ է, որ Իրանի բարձրագույն ղեկավարի նման խիստ խոսքերը չեն կարող անհետևանք մնալ, և առաջիկայում, եթե նույնիսկ ոչ բարձրաձայնելով, ապա առնվազն լռելյայն իրանական համապատասխան կառույցները կսկսեն ավելի սահմափակել դեպի Թուրքիա առանց այն էլ արդեն որոշ ժամանակահատված Իրանում հակագովազդվող զբոսաշրջային հոսքը, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև Հայաստանի համար այս ոլորտում իր ներկայությունը ուժեղացնելու համար:

 

 

Վարդան Ոսկանյան