Հայոց ցեղասպանության գլխավոր դերակատարներից մեկն էր «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության անդամ Դոկտոր Նազըմը(1870-1926թթ.): Դոկտոր Նազըմը հանդիսանում էր պանթուրքիզմի և հայոց ցեղասպանության գաղափարական հայրերից մեկը: Հենց նա էր երիտթուրքական կուսակցական գաղտնի ժողովներում նախապատրաստվող սարսափելի վճռագործության գաղափարական հիմք տվողը: Երիտթուրքական նախկին գործիչներից Մեվլան-Զադե Ռիֆատան իր հուշերում ներկայացրել էր երիտթուրքական գաղտնի ժողովների ժամանակ Դոկտոր Նազըմի ելույթներից հատվածներ:

 


......Պետք է գործել արագ և կտրուկ: Հայերը վտանգավոր են, ինչպես թարախի գոյացությունը: Սկզբում այդ թունավոր վերքը թվում է անվտանգ, բայց եթե այն ժամանակին չվիրահատվի փորձված վիրաբույժի կողմից, ապա անպայման կհանգեցնի մահվան: Անհրաժեշտ է գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածով, ինչպես եղավ 1909թ. Ադանայում և այլ շրջաններում, ապա դա օգուտի փոխարեն վնաս կբերի, քանի որ դրանով կարթնացնենք նաև արաբներին և քրդերին, որոնց նույնպես մտադիր ենք ոչնչացնել: Վտանգը կեռապատկվի և մեր մտադրության իրականացումը կդժվարանա: Ես մի քանի անգամ ձեզ ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, եթե մաքրագործումը համընդհանուր ու վերջնական չլինի, ապա օգուտի փոխարեն վնաս կլինի: Հայ էթնոսը պետք է հիմքից արմատախիլ անել, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր հողում և մոռացվի բուն այդ անունը: Հիմա պատերազմ է, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինի:

 

Մեծ տերությունների միջամտությունն ու համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքները կմնան աննկատ, իսկ եթե նրանք իմանան էլ, կկանգնեն կատարված փաստի առաջ, և դրանով իսկ հարցը կսպառվի: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի համընդհանուր բնաջնջման բնույթ կրեն: Անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին՝ մինչև վերջին մարդը: Ես ձեր ընկերը, զինակիցն ու եղբայրն եմ դարձել, որ վերածնենք թրքությունը: Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի ու լիակատար տեր ու տնօրեն լինի թուրքն ու միայն թուրքը: Թող անհետանան բոլոր ոչ թուրք տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն: Մեր երկիրը պետք է մաքրել ոչ թուրք տարրերից: Կրոնն ինձ համար իմաստ ու նշանակություն չունի: Իմ կրոնը Թուրանն է:

 

Դավիթ Ֆիդանյան