Սերժ Սարգսյան, միթե՞ չեք տեսնում, թե որքան վտանգավոր չափերի է հասնում ձեր թիմակիցների դավադրությունն ընդեմ Հայաստանի ու Արցախի....
Հայկական խորհրդարանական դիվանագիտության հերթական խայտառակությունը
Երեկ ԵԽԽՎ-ում, ինչպես տեսանք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի լիարժեք քննարկում տեղի չունեցավ: Տեղի ունեցավ իմիտացիա՝ հայկական կողմ փուքսը թողնելու համար թույլատրվեց երեք ելույթ ունենալ ու վերջ: Հիշեցնեմ, որ օրինակ 2008-ի մարտի 1-ից հետո, վրաց-ռուսական 5-օրյա պատերազմից հետո լիարժեք քննարկումներ տեղի ունեցան, ընդունվեցին բանաձեւեր, նշանակվեցին զեկուցողներ, դատապարտվեց ագրեսիան կամ պետության քայլերը: ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան այս անգամ էլ մարսվեց-գնաց:

 


Մինչդեռ պետք է պատերազմի հումանիտար ասպեկտները /քաղաքացիական բնակչության, երեխաների, ծերերի, տարեց մարդկանց վիճակը պատերազմի օրերին/ ուսումնասիրող զեկուցող նշանակվեր ու այդ կապակցությամբ որոշում ընդունվեր: Նա պետք է այցելեր ԼՂՀ՝ Թալիշ, Մատաղիս, Սեյսուլան, Մարտակերտ, որոնք անպատկերացնելի տուժել են Ադրբեջանի ագրեսիայից: Պետք է այցելեին նաեւ Ադրբեջան, ու ինչպես ռուս լրագրողն էր բացահայտել, օրինակ, ամրագրեր, որ Ադրբեջանը միտումնավոր հերտանային համակարգերը տեղակայել է բնակավայրերի մոտ, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակից տուժի իր հասարակությունը: Այո, պետք էր հասել նրան, որ ամրագրվի ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի զեկույցի խթանիչ նշանակությունը պատերազմի սանձազերծման գործում եւ այլն: Դե պատերազմի հանցագործությունների ամրագրման մասին չասեմ՝ Թալիշի սահմռկեցուցիչ սպանությունները, զինվորների աճյունների խոշտանգումները, Իսլամական պետությանը բնորոշ անասնական դրսեւորումները:
Սակայն... ինչպես տեսանք, տեղի ունեցավ գոլորշու արձակում իմիտացիոն քննարկման տեսքով: Թերեւս թեմայի մեջ էին ամբողջությամբ Սամվել Ֆարմանյանի ու Նաիրա Զոհրաբյանի ելույթները, մինչդեռ դրանք վերին աստիճանի անբավարար էին: Լեւոն Զուրաբյանն ու մյուսներն էլ ասելիք չունեին....Իսկ Հերմինե Նաղդալյանը, հավատարիմ իր KGB-ական գործելաոճին /ի վերջո չմոռանանք, որ տղան սովորում է Ռուսաստանի ազգային անվտանգության դպրոցում/ կրկին շատ խորամանկորեն ռուսական քարոզչական թեզերը հնչեցրեց Թուրքիայի, Իսլամական պետության, փախստականների ալիքի վերաբերյալ եւ ոչ մի խոսք Ադրբեջանի սպառազինվելու, քաղաքացիական բնակչության դեմ զանգվածային ոչնչացման զենքեր օգտագործելու, ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի անհրաժեշտության, պատերազմի հետաքննության մասին:

 


Ու դրա մեղավորը ոչ միայն Ադրբեջանի լոբբիստ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդոն է, այլ նաեւ հայկական պատվիրակությունն ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար հետեւանքներ հարուցող քննարկման ու բանաձեւի ընդունումը կարեւոր էր Ադրբեջանին զսպելու, միջազգային պատասխանատվության բերելու առումով, մեր զինվորների ու սահմանապաք քաղքացիերի կյանքը փրկելու համար: Չարվեց:
Պեդրո Ագրամունդոն ու ադրբեջանական լոբինգի մյուս ներկայացուցիչները, ովքեր հանցակից էին Սարսանգի ջրամբարի զեկույցի ընդունման ու դրանով Ալիեւի ձեռքերն ազատ արձակելու համար, ապահովագրեցին իրենց՝ ընդամենը մեկ ելույթ եղավ այդ կապակցությամբ, որին հանգիստ կարող են ասել՝ դե հայկական կողմի էմոցիոնալ գնահատականն է: Դրան էլ պատասխանեց Գանիրա Փաշաեւան Ադրբեջանից ու պաշտպանության տակ առավ ԵԽԽՎ նախագահին:

 


Այդպիսով, ԵԽԽՎ հանցագործ նախագահն իր եւ հանցակիցների փրկեցին իրենց դեմքը, Ալիեւին, ու ադրբեջանական պատվիրակությանը, հայկական պատվիրակությանը թույլ տվեց իր դեմքը փրկել՝ մի քանի կարճ ելույթներով, Հերմինե Նաղդալյանը փրկեց իր Ռուսաստանին, ով Ադրբեջանի հետ մեկտեղ շահագրգռված չի եղել ու չէ միջադեպերի հետաքննության հարցում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի նախահարձակության միջազգային ամրագրման հարցում: Մի խոսքով՝ եւ գայլերն են կուշտ եւ ոչխարներն անվնաս....
Եվրոպական մի կարեւորագույն կառույց, որը կարող էր, պետք էր, պարտավոր էր Ադրբեջանին ճաղավանդակների մեջ գցել, չարեց դա: Իսկ դրա համար պետք էր դիվանագիտական փոթորիկ սկսել հենց ապրիլի 2-ի առավոտից, ինչը չի արվել....Եթե հայկական պատվիրակությունը անճար ու անկարող էր սա անել, ուրեմն թող բարի լինի հրաժարական տալ: Եթե կարող էր անել ու չի արել, ուրմեն դավաճանության հետ գործ ունենք:
Սերժ Սարգսյան, միթե՞ չեք տեսնում, թե որքան վտանգավոր չափերի է հասնում ձեր թիմակիցների դավադրությունն ընդեմ Հայաստանի ու Արցախի....

 

Ստյոպա Սաֆարյան