2011թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները ստորագրել են ԻԻՀ-ի կողմից ՀՀ –ին զարգացման օժանդակություն տրամադրելու հուշագիր, որով ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ' Իրանին սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանց կառուցելու համար: Հայկական կողմն ստանձնել է հուշագրով տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ներմուծման գործարքից գանձվող հարկերը, մաքսատուրքերը և այլ պարտադիր վճարները:
Նույն տարում պատվիրատուն' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և գլխավոր կապալառուն' իրանական «Սաներջի» ընկերությունը, կնքել են ծրագրի իրականացման պայմանագիր, որի համաձայն «Սաներջին» պարտավորվել է իրականացնել գազի բաշխման ցանցի նախագծումը, կառուցման համար պահանջվող սարքավորումների և պարագաների մատակարարումը, տեղակայումը, շահագործման հանձնումը և տեխնիկական հսկողությունը:

 


Թեև 2013-ին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել է սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումը, սակայն շինաշխատանքը չի սկսվել ԻԻՀ կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցման պատճառով: 2015թ. հոկտեմբերին իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը, ինչի շնորհիվ ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերությունը շարունակել և ավարտել է Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումը: Ըստ աշխատանքի իրականացման ժամանակացույցի, շինարարությունը տևելու է 6-7 ամիս և ավարտվելու է այս տարի:
Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար «Սաներջի» ընկերությանն անհրաժեշտ է թույլատրել իրականացնելու օրենքով նախատեսված արտոնագրման ենթակա քաղաքաշինության բնագավառում էներգետիկ շինարարության իրականացման գործունեություն, ինչը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով կարող է անել ՀՀ կառավարությունը:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության ս.թ. մարտի 31-ի նիստում:
Ամենայն հավանականությամբ «Սաներջին» կստանա նշված թույլտվությունը, քանի որ զբաղվում է էլեկտրաէներգիայի, ջրի, նավթի և գազի արդյունաբերության ոլորտի սարքավորումների և ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման արտոնագրված առևտրային գործունեությամբ:
Ընկերությունն զգալի փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում' Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում: «Սաներջին», մասնավորապես, իրականացրել է Իրան-Հայաստան գազամուղի Սիսիան-Քաջարան հատվածի շինմոնտաժային աշխատանքները:
Հեռու չէ այն օրը, երբ Մեղրի և Ագարակ համայնքների բնակիչները կապահովվեն բնական գազով, որը կբարելավի նրանց կենսապայմանները:

 

Վլադ Կարախանյան