… Oգտակար լռությունը ոգու հիացքի նշանն է՝ առ այն «լիառատ կյանքը», որի մասին վկայում են միստիկները: Պայծառատես հոգուն աշխարհը ներկայանում է որպես «հայտնությունների և հրաշքների» գանձարան, և Աստծո այդ հարստությունն անհամատեղելի է մտքի առարկայականությանը: Հետևաբար, փորձով սահմանավորը մտածողությամբ չի որսվում, սակայն նշում է մեր ընկալման, կամ, ավելի ճիշտ, մեր հոգևոր զգայնության շեմը: Այդ ամենահաս սահմանայնությունը մաքուր, անառարկայական տարբերությունն է, անվերջորեն փոքր անցքը գոյության մեջ, որ ոչ մեկին է նույնական, բացարձակապես եզակի է և հատկություններից զուրկ: Այդ անհամրելի ուղուց, որպես փոխակերպման անդորրավետություն՝ աշխարհ է ներհոսում լռությունը:

 

Մենք պարզապես չգիտենք, թե ինչպես ենք մենք փոխվում: Այստեղից հետևություն' նախ և մտածելի բաներից զատ գոյություն ունեն անվերջորեն բազմապիսի, անըմբռնելի նրբին բաներ, որոնք լոկ որակական են (և այդու չօբյեկտիվացվող), որոնք որակ ունեն եզակիության յուրահատկությամբ: Հիմքերի հետ համընկնող հետևությունը կապված է Դելյոզի «բազմաքանակության գոյաբանության» հետ: Վերջինս «Իմաստի տրամաբանությունը» երկում խոսում է իրականության մասին' ոչ այնքան որպես էության դրսեւորման, որքան «ինքդ քեզանից դուրս գալու մասին», և որքան «ներսում կամ էության տակի» մասին: Եվ, ի դեպ, «ներսի էության» օրինակով դուրս է գալիս ինչ-որ հրատապ մի բան, ահա այն հանելուկային «այլ սկիզբը», նույնքան անհնարին, որքան և՝ անխուսափելի: Հրատապի բնույթը Դելյոզը փոխառում է Դունս Սքոթի haecceity եզրից,և այդ բառն ուղղակիորեն հղում է արեւելյան ավանդույթներին, նրանց նոր գոյության գաղափարով (տատհագաթհա, ցզիժան): Արևելյան Դաոն (մեջբերում եմ ձևակերպումներ «Դաո-Դե ցզինից») ինչ-որ «սահմանային փոքրն է», «անորոշ-նրբինը», «քաոտիկ-անորոշը», «բազմաց բազմաքանակությունը», «իրերի մանրագույն սերմերը»:

 


Ըստ էության, հենց այդ է իմ գլխավոր թեզիսը' գոյություն ունի իրականության մինչ անհատական գիտակցությունը, որը հասանելի է հոգևոր ընկալմանը, բայց ոչ մտահայեցությանը, որն իրենից արմատապես «այլ» բան է ներկայացնում, ամեն ակնթարթ նորոգվող' սիմվոլիկ աշխարհների անհամար բազմությունը, որն ավելի շուտ է անհետանում, քան կհասցնի ձև առնել: Գոյություն ունի անարտահայտելի իրականություն, որն օգտակար է մեզ համար, ինչպես օգտակար են մեզ համար մեր կյանքը կամ մեր մարմնի օրգանները, ընդ որում, նույնքան օգտակար, որքան և անհասանելի կիրառման համար: Նրան կարելի է միայն թույլ տալ լինել և կենալ իր ազատության մեջ՝ ամեն ինչին պարգևելով ինքնագոյափոխման տարածությունը:
Այդ անշարժ շրջապտույտում հանվում է նույնիսկ վիրտուալի ակտուալ գոյության տարբերությունը: Նրանում ամեն ինչ իրականության չափ ֆանտաստիկ է ու ֆանտաստիկ իրական, ամեն ինչ գոյում է իր բացակայությամբ, ամեն ինչ խոսում է այլ լեզվով:

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱԼՅԱՎԻՆ

 

Սիրարփի Մարգարյան