Ընդդիմադիր գործիչների խոսքն ու գործը շատ է քննարկվել, ավելի հետաքրքիր է այս պարագայում հանրության վարքը: Ախր շատ անճաշակ ենք քաղաքականության հարցում: Նախ, փոխարենը ընտրենք կարող ուժեր, փնտրում ենք վստահելի ուժեր: Վստահելին պարտադիր չէ, որ լինի կարող, բայց կարող ուժերին վստահես-չվստահես՝ իրենց ասածն անելու ուժ ունեն:
Մենք սխալվում ենք, երբ հարթակի վրա ուզում ենք տեսնել հանրության վստահությունը վայելող մարդկանց: Մենք պետք է կարող ուժեր ցանկացանք տեսնել, մինչդեռ արդեն որերորդ անգամ երկմտում ենք, թե արժե՞ արդյոք վստահել հարթակում կանգնած մարդկանց: Վստահությունը քաղաքական կատեգորիա չէ: Այդպես է, որովհետև իշխանությունների նկատմամբ անվստահությունը մեխանիկորեն ստեղծում է վստահության պահանջ ընդդիմության նկատմամբ: Մինչդեռ երկու վերաբերմունքն էլ պետք է հիմնված լինեն փորձի վրա:
Երկրորդ, մեր լեզուն մատնում է քաղաքականության նկատմամբ մեր վերաբերմունքը և մեր քաղաքական գիտակցության յուրահատկություններից մեկը: Երբ ասում ենք «զբաղվում է քաղաքականությամբ», արդյո՞ք նկատի չունենք, որ քաղաքականությունը մեր ընկալմամբ զբաղմունք է, և ոչ ավելին՝ ընդամենը զբաղմունք: Իսկ ինչ-որ բանով մարդիկ զբաղվում են երկու դեպքում՝ երբ պարապ են, կամ երբ ունեն այդպիսի հոբբի:
Մենք չենք ասում, չէ՞, «զբաղվում է գիտությամբ» կամ «զբաղվում է արվեստով», բայց սպորտով և քաղաքականությամբ հենց զբաղվում են, քանի որ դա զբաղմունք է, գոնե մեր լեզվամտածողության շրջանակներում: Մի բան է՝ իրականացնել որևէ քաղաքականություն, և այլ բան է՝ ժամանակ առ ժամանակ զբաղվել քաղաքականությամբ: Ինչու՞ պետք է հանրությանը հուզի այլոց զբաղմունքը, հասնակալի չէ:
Մովսես Դեմիրճյան