Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները այս շաբաթ կվերսկսվեն:
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի արժեքն է 107,9 մլն. Եվրո: Օգոսոսի 9-ին Թեհրանում, Իրանի Արտահանման Զարգացման Բանկի և ՀՀ ԷԲՊՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված Ֆիանասական պայմանագրի համաձայն վերոնշյալ գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «SUNIR» ընկերությունը, որի հետ, օգոստոսի 12-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ստորագրել է շինարարության պայմանագիր:

 


Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի' Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է, շինարարական աշխատանքները նախատեվում է ավարտել 24 ամսում:
Իրանի համար դժվարին ժամանակներում Հայաստանը դրսևորեց իրեն որպես հուսալի ու կանխատեսելի գործընկեր: Վերջերս ձեռքբերված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը խթան կհանդիսանա Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման համար: Համաձայնությունը կարևոր պայման է տարածաշրջանային կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար:
Իրանի հետ համագործակցությունը հատկապես կարևոր է էներգետիկ ոլորտում: Հայաստանը Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ, տալիս ենք էլեկտրաէներգիա, վերցնում՝ գազ: Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2014 թվականին արտահանվել 1 165 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ներմուծվել՝ 383 մլն խմ գազ: Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը իրականացվում է 2009-ից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա:

 


Երկրի Էներգետիկ մարտահրավերներին դիմակայելու համար՝ էներգետիկ անվտանգության և անկախության ողջամիտ մակարդակի ապահովման, ինչպես նաև Էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով ապահովելու համար չափազանց կարևոր է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ Իրանի հետ էլեկտրաէներգիա-գազ ձոխանակման ծավալների մեծացումը: Այդ տեսանկյունից առանձնահատուկ է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի ու Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը:
Իրանի հետ ԷԳՓ ծավալների մեծացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ընդհանուր ծախսերի նվազեցմանը: Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման (մինչև 2036թ.) ծրագրի կանխատեսումների համաձայն գազի ընհանուր ծավալի մեջ Իրանից ներմուծվող գազի մասնաբաժինն կաճի 20%-ից (2012թ.) մինչև 65% (2036թ.), և որպես հետևանք՝ Ռուսաստանից ներմուծվող առևտրային գազի ծավալները զգալի կկրճատվեն:

 


Իրան–Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունները:

 

Կարեն Մկոյան