«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը նոր հուժկու և վճռորոշ գրոհի միջոցով իր ամբողջական վերահսկողությունն է հաստատել Սիրիայի հնագույն պատմական Պալմիրա (Թադմուր) քաղաքի վրա, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Զուգահեռաբար ծայրահեղական խմբավորման զինյալները սիրիական բանակային ստորաբաժանումներից գրավել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազան, բանտը, հետախուզության կենտրոնակայանը՝ ձեռք բերելով նաև մեծաքանակ ռազմական տեխնիկա ու սպառազինություն:

 


Բացի այն հանգամանքից, որ պատմական քաղաքը համամարդկային արժեք է իրենից ներկայացնում, սիրիական վարչակարգի համար Պալմիրան նաև կարևոր ռազմավարական, տնտեսական տրանսպորտային հանգույցի նշանակություն ուներ:
Այս համատեքստում, Պալմիրայի անկումն ընդհանրական առումով մի քանի կարևոր ազդակներ է պարունակում՝ Սիրիայում ընթացող ռազմական գործընթացների միտումները լավագույնս հասկանալու համար:

 


Այս համատեքստում, որոշ դիտարկումներ ներկայացնենք առանձին բաղադրիչներով՝
1. Պալմիրայի ռազմավարական նշանակությունը սիրիական վարչակարգի համար հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նախ և առաջ քաղաքի աշխարհագրական դիրքն. այն գտնվում է երկրի կենտրոնում, և գրավելով քաղաքը՝ իսլամականները որոշակի վերահսկողություն են սահմանում նաև М20 ռազմավարական կարևորության ավտոմայրուղու վրա, որն, ինչպես նաև իսլամականների վերահսկողության տակ անցած ավիաբազան բացառիկ հնարավորություներ էին ընձեռում սիրիական իշխանություններին՝ անհրաժեշտ մատակարարումներ իրականացնելու երկրի արևելյան Դեր ալ Զուր նահանգում դեռևս պահպանվող դիրքերին՝ դրանով իսկ առաջացնելով փաստացի շրջափակման սպառնալիք:
2. Պալմիրան, հանդիսանալով կարևորագույն տրանսպորտային հանգույց, հնարավորություն է ընձեռում ԻՊ-ին՝ թիրախավորելու ոչ միայն վերոնշյալ Դեր ալ Զուր նահանգն՝ ամբողջությամբ զրկելով վարչակարգին երկրի արևելյան շրջաններում ունեցած դիրքերից, այլ նաև՝ շարժվել դեպի արևմուտք՝ դեպի Հոմս, և հարավ-արևմուտք՝ դեպի Դամասկոս:

 


3. Ինչպես արդեն նշվեց, Պալմիրայում էր գտնվում սիրիական բանակին պատկանող ռազմավարական կարևորություն ունեցող ռազմական օբյեկտներից մեկը, որի սպառազինության և զինանոցի հնարավորությունների, մասշտաբների մասին տեղեկությունները բավականաչափ հակասական են:
4. Պալմիրան նաև էներգետիկ ռեսուրսների և հատկապես գազային հանքավայրերի առանցքային հանգույց է, որտեղից իրականցվում էր նաև սիրիական վարչակարգի համար կարևոր նշանակություն ունեցող 3 նահանգների՝ Դամասկոսի, Տարտուսի և Լաթակիայի գազամատակարարումը:
5. Պալմիրայի, իսկ ավելի վաղ սիրիա-իրաքյան սահմանին գտնվող իրաքյան ալ Անբար ահանգի վարչական կենտրոնը հանդիսացող ալ Ռամադի քաղաքի գրավումն ԻՊ-ի զինյալների կողմից հերթական անգամ փաստեց այն իրողությունը, որ Իրաքի և Սիրիայի տարածքներում ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքար մղող ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի գործելաոճն ակնհայտորեն ընտրողական է: Եթե ալ Ռամադիում իսլամականների դեմ կոալիցիոն օդուժն իրականացրեց շուրջ 2 տասնյակ փաստացի անօգուտ ավիահարված, ապա Պալմիրայի պարագայում, նման գործողությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն անգամ չկա: Մինչդեռ այս ողջ ընթացքում կոալիցիոն օդուժն առավել ակտիվ գործողություններ էր իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելյան ալ Հասաքե նահանգում՝ աջակցելով քրդերին՝ ԻՊ-ի զինյալների դեմ մղվող պայքարում:

 


6. Պալմիրայի անկումը հերթական անգամ ապացուցեց նաև սիրիական բանակի՝ էականորեն թուլացման իրողությունը, ռազմավարական հաշվարկներ և ճշգրիտ հետախուզական գործողություններ իրականացնելու անկարողությունը: Նախորդ շաբաթների ընթացքում քաղաքի մատույցներում ակտիվացած ռազմական գործողություններից, ԻՊ-ի նախաձեռնած առաջին անհաջող գրոհից հետո անգամ սիրիական իշխանությունները, միաժամանակ մի քանի ուղղություններով մարտնչելով, ի վիճակի չեղան նոր ռեսուրսներ կենտրոնացնել Պալմիրայում՝ իսլամականների առավել հուժկու գրոհին դիմագրավելու նպատակով:

 


Իսկ թե ինչ ճակատագիր է սպառնում Պալմիրային, այնքան էլ բարդ չէ կանխատեսելը. հերթական անգամ հողին կհավասարեցվեն դարերի ընթացք անցած պատմամշակությանին հուշարձաններ, հերթական անգամ քաղաքում ականատես կլինենք նոր զանգվածային սպանությունների:
Չի բացառվում նաև, որ սիրիական բանակը փորձի հետ վերադարձնել քաղաքը ծանր ռազմատեխնիկայի և օդուժի կիրառմամբ, հետևաբար նաև՝ Պալմիրան կվերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների թատերաբեմի, այսինքն՝ կենթարկվի զանգվածային ավերածությունների:
Հ.Գ. Կցված քարտեզներում նկարագրված է Պալմիրայի ռազմավարական կարևորությունը և ԻՊ-ի կողմից նախաձեռնված վճռորոշ գրոհը:

 

 

Արմեն Պետրոսյան