Մեզ, ցեղասպանության ճանաչման խնդրի նման ազգին համախմբող մի համազգային գաղափար է պետք, նպատակ, համազգային ծրագիր, որի շուրջը կհամախմբվի ողջ Հայաստանը, բոլոր քաղաքական ուժերը, աշխարհով մեկ սփռված ամբողջ հայ ազգն իր հանրահայտ և ոչ հանրահայտ ներկայացուցիչներով:
Իմ կարծիքով դա Հայաստանի հզորացումն է, հզոր պետության կառուցման գաղափարը: Դրանից վեհ ու կարևոր նպատակ մենք չունենք: Մնացյալը ածանցյալ է ու կապված այդ խնդրի հետ..Այդ գաղափարը կյանքի կոչելու պատասխանատուն պետք է լինի ողջ ազգը, իր ինտելեկտուալ և ֆինանսական ողջ կարողություններով հանդերձ, իսկ նախաձեռնողը, կազմակերպողը և ուղղորդողը իշխանությունները, քաղաքական կազմակերպությունները, եկեղեցին: Հատկապես' իշխանության, բոլոր կուսակցությունների, լուրջ հասարակական կազմակերպությունների ազնիվ, կիրթ, զարգացած, ինտելեկտուալ սերունդը: Այդ գաղափարի իրականացման մեխանիզմներ, մարտավարություն, կոնկրետ առաջարկներ ու կադրային բազա է պետք ստեղծել:

 

Միաժամանակ, ակնհայտ պետք է երևա իշխանությունների պատրաստակամությունն ու գործուն քայլերը կոռուպցիայի, կաշառակերության, տարբեր կարգի չինովնիկների կողմից իրականացվող բեսպրեդելն ու չարաշահումները կանխելու և իսպառ վերացնելու համար: Կտրուկ, ակնհայտ ու հետևողական պետք է զգացվի, որ օրենքները, օրինականությունն ու կարգուկանոնը բոլորի համար է, անխտիր…Առանց աչքակապության, առանց ձևականության, առանց հայկական շուստրիության…Վերևից ներքև' ամենաբարձրյալներից մինչև ՀՀ քաղաքացի պետք է զգան, որ օրենքի առաջ հավասար են, որ խախտում կատարողը կպատժվի, կպատժվի ով ուզում է լինի, ում որդին, ազգականը, բարեկամը կամ մտերիմն ուզում է լինի:

 

Այդ գործում իշխանությունների «շնչին» պետք է նստեն, նրանց գործունեությունը հսկեն և անմիջական ու շահագրգիռ, նպատակասլաց օգնություն ցույց տան քաղաքական բոլոր ուժերը, հասարակական և տարբեր կազմակերպությունները, մտավորականությունը, լրագրողները, սոցիալական ցանցերի օգտատերերը, բլոգերները…

 

Մեր բոլորիս գերնպատակը, համազգային խնդիրը, մեր ազգի գոյատևման միակ ելքը հզոր, զարգացած, պաշտպանունակ և քաղաքացիական հասարակության արժեքներով առաջնորդվող պետության ստեղծումն է, պետական մտածողությամբ առաջնորդվող պաշտոնյաների ձևավորումը…Բոլորը պետք է հասկանան դրա կարևորությունն ու լծվեն այդ համազգային խնդրի իրականացմանը' գործուն, խելացի, կոնկրետ, իրատեսական և հետևողական քայլերով…

 

Ռոբերտ Մելքոնյան