Օրերս Հրեական պետության Հոլոն քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից անվտանգության նկատառումներով փակված փողոցը հեծանիվով հատած ծագումով եթովպացի հրեա զինծառայողի հանդեպ բռնություն կիրառելու փաստը և վերոնշյալ միջադեպը հավաստող տեսանյութի լայնորեն տարածումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել միաժամանակ իսրայելական մի քանի քաղաքներում: Ապրիլի 30-ից ընդդեմ տարաբնույթ խտրականության և ռասիզմի դրսևորումների՝ փողոց դուրս եկած հազարավոր եթովպացի հրեաների ու իսրայելական հասարակակության այլ համայնքների ներկայացուցիչների և ոստիկանության միջև հրահրված բախումների հետևանքով արդեն իսկ տուժածների թիվը հասել է 68-ի, որից 56-ն՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

 


Այս զարգացումներին անդրադարձել են Իսրայելի առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկրում ստեղծված իրավիճակը բնորոշել է «մտահոգիչ»՝ նշելով, որ «թեպետ բողոքի ակցիաները կարևոր ժողովրդավարական գործիքներ են, այնուամենայնիվ խնդիրները չեն կարող կարգավորվել բռնության միջոցով»: Իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է ինչպես եթովպացի հրաների համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ ծեծի ենթարկված զինծառայող Դամաս Պակադոյին՝ խոստանալով շուտափույթ լուծումներ գտնել նախ վերջինների խնդիրներին և, իհարկե, առհասարակ իսրայելական հասարակությունում առկա խտրականությանն առնչվող գործոնին. չնայած այդ հանգամանքին՝ եթովպացի հրեաները որոշում են կայացրել դեռ որոշ ժամանակ շարունակել բողոքի գործողությունները:

 


Իսրայելի վարչապետի առջև ծառացած մյուս լուրջ փորձությունը կոալիցիոն կառավարություն կազմելու գործում առաջացած խնդիրներն են: Կառավարության ձևավորուման վերջնաժամկետից ընդամենը 48 ժամ առաջ նախկին կոալիցիոն գործընկեր և ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի կողմից ապագա կառավարությանը մաս կազմելու առաջարկից հրաժարվելու և ընդդիմադիր դիրքերից հանդես գալու վերաբերյալ հայտարարությունից հետո նոր քաղաքական դաշինքին անդամակցելու մասին իրենց համաձայնությունը հայտնած ուժերի հնարավորություններով իշխանությունները Կնեսետում մեծամասնություն են կազմում ընդամենը 1 մանդատով՝ ունենալով, ընդհանուր առմամբ, 61 ներկայացուցիչ:

 


Այս հանգամանքը բավականաչափ փխրուն է դարձնում ապագա կոալիցիայի դիրքերն, անգամ լուրջ հարցականի տակ դնում դրա ձևավորման հնարավորությունն առհասարակ. ներկայում ամեն ինչ կախված է Նեթանյահուի մեկ այլ նախկին կոալիցիոն գործընկեր՝ «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ Նեֆթալի Բեննեթի դիրքորոշումից, ով փորձում է առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Իսկ որոշ վերլուծաբաններ էլ անգամ նշում են, որ եթե անգամ Բ.Նեթանյահուին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, ապա հազիվ թե այն կարողանա գոնե մեկ տարի գոյատևել:

 


Վերոնշյալի համատեքստում վճռորոշ կլինեն առաջիկա 2 օրերը: Եթե, այնուամենայնիվ, Նեթանյահուին չհաջողվի մեղմել մի կողմից ներքին հասարակական դժգոհությունները երկրի ներսում, ապա նաև թեկուզ առժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ հետագայում նոր դաշնակիցներ ներգրավելու հեռանկարով, ապա Իսրայելում գործող օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահը կամ պետք է նոր կառավարության ձևավորման մանդատը տրամադրի ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցհակ Հերցոգին, կամ նշանակի նոր խորհրդարանական ընտրություններ:

 


Բոլոր սցենարների պարագայում էլ ակնհայտ է այն իրողությունը, որ տևական ժամանակ առնվազն զգալիորեն դանդաղելու է Իսրայել պետության զարգացման բնականոն ընթացքը:
Հ.Գ. Կից ներկայացվում է եթովպացի հրեա զինծառայողին բռնության ենթարկելու մասին տեսանյութը:

 

 

 

 

 

Արմեն Պետրոսյան