Թե որն էր Չանաքալեի խորհուրդը, ոչ ոք չհասկացավ, որովհետև այն արհեստական շոու էր' վատ հորինված սցենարով, ռեժիսուրայով և, իհարկե, շատ վատ դերասաններով... Ոմանք ասում են, թե Թուրքիայի իշխանությունները հասան իրենց նպատակին, այսինքն' նրանց հաջողվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդից շեղել աշխարհի ուշադրությունը: Իրականում այս կարծիքն այնքան էլ չի արտահայտում գոյություն ունեցող իրերի կարգը, եթե չասենք, որ դրանից շատ հեռու է: Հարցն այն է, որ Չանաքալեն իրականում դուրս չեկավ Թուրքիայի սահմաններից' մնալով սոսկ' որպես լոկալ միջոցառում, որի նպատակը, ինչպես ռուսները կասեին' "и ежу понятна": Ընդհակառակը' Թուրքիայի իշխանությունների այս մանիպուլյատիվ հնարքի էությունը շատերը հասկանալով ամեն ինչ արեցին, որ իրենց անունն որևէ կերպ չկապվի այս աֆյորայի հետ: Անգամ Թուրքիայի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն այդ միջոցառմանը մասնակցեց դեսպանի մակարդակով:

 


Իսկ այն, ինչին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրադարձությունների (այո' հենց իրադարձություն, քանզի ցանկացած ձեռնարկ ինքնին խոշոր իրադարձություն էր) շրջանակներում ականատես եղավ և ներկայում լինում է աշխարհը, աննախադեպ էր բոլոր առումներով... Աշխարհն, իրոք, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ճանաչելով նաև' դատապարտեց.... Իսկ այս կարևորագույն գործում մեզ նախևառաջ օգնեցին և մեր ջանքերին նեցուկ եղան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը' Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագով, այսօր Հայաստանում գտնվող չորս երկրների նախագահներն ու բազմաթիվ երկրների ներկայացուցչական պատվիրակությունները' նահատակներին հարգանքի տուրք մատուցելով և խստագույնս դատապարտելով, և ուշադիր' ԱՄՆ նախագահը, որը հերթական անգամ չարտասանելով Ցեղասպանություն բառը' իրականում հենց այդ "մեսիջն" էլ ուղղեց աշխարհին և իհարկե' Ռեջեբ-Թայիփը' յուր թիմով, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին ցեղասպանությունը ժխտելով, բայց դրանով աշխարհին տրամագծորեն հակառակն ապացուցելով:
Սա ինչպես ասում են թարմ հետքերով, իսկ ավելի խորը վերլուծությունն այս առիթով' առաջիկայում...

 

 

 

Գերասիմ Բարսեղյան