Ինչպես շատ հայ գրողների, դժվար է եղել նաև Շիրվանզադեի (Ալեքսանդր Մովսիսյան) կյանքի ճանապարհը:


Ծնվել է 1858-ին հայաշատ Շամախի քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սարգիս վարժապետի ուսումնարանում: Երկու տարի անց ծնողները նրան տեղափոխել են տեղի թեմական դպրոց, իսկ այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի ռուսական երկդասյա դպրոցում: Ժամանակի կրթական այս օջախները քիչ բան տվեցին ուսումնատենչ Ալեքսանդրին: Քանի դեռ կենդանի էր նրա հայրը՝ դերձակ Մինասը, նրանց ընտանիքը ապրում էր քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով: Հոր մահից հետո ամեն ինչ փոխվում է: Հորեղբոր պատճառով ստեղծված ընտանեկան գժտությունները, նյութական անելանելի պայմանները ոչ միայն փլուզում են պատանու՝ ուսումը շարունակելու հույսերը, այլև ընտանեկան հոգսերն են ամբողջությամբ ծանրանում նրա ուսերին: Շատերի նման նա էլ ստիպված բռնում է Բաքվի ճանապարհը: Այստեղ նրան հաջողվում է գրագրի պաշտոն ստանալ տեղի նահանգական վարչության գրասենյակում:


Մեծ քաղաքը նրա առջև բացում է մարդկային ճակատագրերի մի ամբողջ աշխարհ, որտեղ ծայրահեղ աղքատությունն ու շռայլ հարստությունը ապրում էին կողք կողքի: Շիրվանզադեի համար այս իրականությունը դառնում է կյանքի համալսարան, որը վճռական դեր է խաղում նրա ստեղծագործական կյանքում: Բախտորոշ եղավ նաև այն, որ նա առժամանակ ապրեց մորաքրոջ՝ Մարիամ Աբելյանի տանը (հայտնի դերասան Հովհաննես Աբելյանը Մարիամի որդին էր): Այս ընտանիքի բարեկիրթ միջավայրը, ինչպես նաև Բաքվի մարդասիրական ընկերության գրադարանը, որտեղ նա աշխատում էր, ապագա վիպասանին հնարավորություն տվեցին մոտիկից շփվելու արվեստի ու գրականության հարուստ աշխարհին: Այդ տարիներից էլ սկսվում է Շիրվանզադեի գրական գործունեությունը:


Առաջին գործերը միանգամից լայն ճանաչում բերեցին հեղինակին: Հայ բարեգործների նյութական օգնությամբ գրողը հնարավորություն է ստանում շրջագայելու և ապրելու արտասահմանում (Եգիպտոս, Հունաստան, Ամերիկա, Ֆրանսիա և այլուր) և ավելի ընդլայնելու իր տեսադաշտը:


Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

 

 

Գրիգորյան Ժորա