Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ բավականին բարդ և խճճված փոխհարաբերությունների համատեքստում Հայաստանը թևակոխեց վտանգավոր և ալեկոծվող կայունության մի շրջափուլ, որը ներկայացվում է որպես 100-ամյակին ընդառաջ համազգային համերաշխություն: Դեռ ավելին, կարծես թե համակցված կամ էլ զավեշտական զուգադիպությամբ որքան մեծանում է հայրենասիրական պոպուլիզմը, այնքան խորանում է ճգնաժամը:
Եթե ճգնաժամը վերահսկելի է, ապա, որպես կանոն, դրան պետք է հաջորդի թռիչքը, իսկ Հայաստանում այն ոչ միայն դուրս է վերահսկողությունից, այլ նաև ինքնահոս վիճակում է թողնված: Այսինքն' պետությունը վերածվել է ծխացող թմբիրի և պարզ չէ, թե մոտ ապագայում որտեղ կարող է խոշոր պայթյուն արձանագրվել: Իսկ առավել աղետալի հետևանքների կարող է բերել հատկապես այն հանգամանքը, որ առաջին հերթին գտնված չեն ճգնաժամի պատճառները և դրանից բխող կանխարգելման միջոցները, ինչպես նաև ոչ մի կերպ չի հաջողվում կանխատեսել հնարավոր ցնցումների չափերն ու ընդգրկման սահմանները:

 


Այս ամենին զուգընթաց հայության առջև դրված մարտահրավերները դժվար թե հնարավոր լինի տեղավորել նեղ քաղաքական շրջանակներում: Վերևում մատնանշված անվերահսկելի ճգնաժամն աստիճանաբար ներթափանցել է քաղաքակրթական համակարգ՝ պարալիզացնելով գրեթե բոլոր ոլորտները: Այսինքն' քաղաքական պատճառներով առաջացած քաղաքակրթական կոնֆլիկտն այլևս կանխարգելում է առաջինի վերակենդանացումը: Մյուս կողմից, եթե փորձենք մեկ նախադասությամբ ձևակերպել արժեհամակարգային ճգնաժամը, ապա կստացվի մոտավորապես այսպես' համակեցական կառույցը, որին մենք անվանում ենք հասարակություն, խզելով իր կապերը քաղաքակրթական համակարգի հետ, փիլիսոփայական տեսանկյունից չի կարողանում ընկալել անհրաժեշտ արդիականացման միտումները:

 


Ըստ էության, Հայաստանի քաղաքական կյանքի կայացումը, ինչպես նաև դրանից բխող քաղաքակրթական խնդիրների կարգավորումը պետք է առաջնորդի հասարակական լայն շերտերի շահերը ներկայացնող ընտրախավը, որը, լինելով ընդդիմություն, ոչ միայն պետք է արմատապես փոխի արժեհամակարգային կացութաձևը, այլ նաև աստիճանական քայլերով վերցնի իշխանությունը և ձևավորի պետության՝ կյանքի բոլոր ոլորտները կարգավորող կառավարման համակարգ: Ընտրախավը և կառավարման համակարգը վերբնական, անտեսանելի կամ էլ վերացական հասկացություններ չեն: Դրանց առարկայական դրսևորումները կարելի է տեսնել մի շարք զարգացած և զարգացող պետություններում:
Վերը մատնանշած խնդիրների միջոցով թերևս մասամբ հնարավոր է դառնում հասկանալ ներկայումս ստեղծված պարադոքսալ իրավիճակի էությունը: Պարադոքսալ, քանի որ, ըստ էության, իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը, կարծես թե, իրարից անկախ, իրար հետ կապ չունեցող ինստիտուտներ լինեն: Առաջին հերթին դրանք չեն կարողանում ըստ պատշաճի արձագանքել իրենց առջև դրված մարտահրավերներին, իսկ մյուս կողմից չեն կարողանում ընկալել փոխադարձ հարաբերման և շփման ազդակները: Այսինքն' նմանվել են չաշխատող ռադիոընդունիչի, որը ոչ մի կերպ չի կարողանում որսալ ռադիոալիքները:
Իշխանությունները զբաղված են իշխանության պահպանման և ամրապնդման խնդիրներով: Ընդդիմությունը նրանց համար ընկալվում է որպես զուտ քննադատական ելույթներ հնչեցնող բազմություն, իսկ որևէ գործնական քայլի փորձ խեղդվում է՝ դեռևս բնից դուրս չեկած: Իսկ պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այդպես էլ մնում են առկախված:

 


Ընդդիմությունը' որպես այդպիսին, կարելի է բաժանել երկու խմբի՝ պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք խոսում են բարձրաձայն, բայց չեն ցանկանում աշխատել և կրկին պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք արդեն ցանկանում են աշխատել, բայց այն, ինչ նրանք անվանում են աշխատանք, տարիներ անց պատմաբանները կորակեն որպես արկածախնդրություն: Բնականաբար երկու խմբերն էլ իշխանությունների հետ կապ չունեն այնքանով, որ չունեն համապատասխան լծակներ դրանց հավասարակշռելու, որոշումների կայացման վրա ներազդելու համար: Իսկ ժողովուրդ-ընդդիմություն կապը թերևս գտնվում է ամենաողբերգական իրավիճակում, քանի որ փոխադարձ կապը գրեթե բացակայում է:

 


Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես վերևում նշվեց, այն որևէ կերպ կապ չունի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանությունների հետ: Մարդիկ իրենց համար հանգիստ գնում են աշխատանքի, երբեմն դժգոհում են, պոռթկում են, բայց, չունենալով որևէ հենման կետ, կա՛մ արտագաղթում են, կա՛մ էլ՝ համակերպվում և լուռ հանդուրժում: Կարծես թե մարդիկ համակրում են ընդդիմությանը և, մեղմ ասած, չեն սիրում իշխանություններին, բայց պարադոքսը հենց այստեղ է թաքնված. նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում նույնիսկ այն դեպքում, երբ այս կամ այն շարժման առաջնորդները ճնշումների արդյունքում հեռացվում են կամ էլ՝ ձերբակալվում: Պատմական պրակտիկան փաստում է, որ նման իրավիճակներում, երբ առաջնորդները ձերբակալվում են, ժողովուրդը, որպես կանոն, ենթարկվում է մեխանիկական մոբիլիզացիայի: Բայց այս դեպքում, ինչպես տեսնում ենք, կատարվում է ճիշտ հակառակը:

 

 


Կարպիս Փաշոյան