Եթե պետք է հանրության աչքերում լեգիտիմացնել (ընդունելի դարձնել) արգելված, անբարո, անցանկալի ինչ-որ երևույթ, ապա առաջին քայլը դրա մասին տեղեկության քիչ-քիչ տրամադրումն ու ավելացումն է: Հանրությունը սկսում է նորմալ վերաբերվել նրան, որ համացանցում պտտվում են մարդկանց մերկ լուսանկարներ (չնայած 10 տարի առաջ դա նորմալ չէր համարվում), որ լրատվամիջոցները շարունակում են տրամադրել կեղծ կամ չստուգված տեղեկություն (չնայած նորմալն այն է, որ մեկ-երկու նման դեպքից հետո մարդ պարզապես դադարի կարդալ այդ աղբյուրը), որ մարդիկ ինքնասպան են լինում (չնայած դա հանրային իրազեկման նյութ չի, այլ՝ նեղ մասնագիտական, դրա հասցեատերը ոստիկաններն ու հոգեբաններն են, մենք ի՞նչ կապ ունենք այդ դեպքի հետ, որ մեզ էլ եք տեղյակ պահում):

 

Երկրորդ փուլում, որպեսզի երևույթն ավելի լեգիտիմանա, ի հայտ են գալիս երևույթը կրող մարդկանց փոքր խմբեր՝ պոտենցիալ ինքնասպաններ, մարմնավաճառներ, համասեռամոլներ, գողականներ և այլն: Նրանք խոսում են իրենց խնդիրների, աշխարհայացքի, բարոյականության և այլնի մասին՝ դրանով ցույց տալով և համոզելով մեզ, որ մենք մեր պատկերացումներն ունենք ամեն ինչի մասին, իրենք՝ իրենցը, և եթե մեր պատկերացումները մենք համարում ենք նորմալ, ապա պետք է իրենց պատկերացումներն էլ համարենք նորմալ: Մարդ է, կյանք է, ով ինչպես կարողանում է, այդպես է ապրում...

 

Երրորդ փուլում ի հայտ են գալիս հանրային կյանքի տեսակետից բացասական երևույթների «մասնագետներ», ովքեր հանրությանը «գիտականորեն բացատրում և հիմնավորում» են, որ կիսապատերազմը նորմալ, տանելի վիճակ է (ավելի վատը կա՝ պատերազմը), որ հակապետական երևույթը՝ գողականը, նորմալ է, ձեզ բան չի ասում, չէ՞; որ պաշտոնյաների համար պետության անունից և մեր հարկերով տրվող տները, մեքենաները, ամսեկան հավելավճարները և այլ արտոնությունները նորմալ են; որ երկրում 20 տոկոս աղքատություն կա ու էդ մարդիկ իրենց երեխաների հետ սոված, հիվանդ, անկիրթ են մեծանում՝ դա էլ է նորմալ, ծնողներն աշխատանք չունեն, ուստի երեխաներն էլ դեղորայք, գրենական պիտույք և վառելիք չպետք է ունենան...

 

Եվ երբ այս ամենի մասին տեղեկություն է մատուցվում հանրությանն ամեն օր ու համառ պարբերականությամբ, մարդիկ սկսում են նորմալ վերաբերվել նրան, որ բարձրաստիճան զինծառայողը կազինոյում և արտերկրում է ժամանակ անցկացնում, երբ 18-20 տարեկան երեխան մի ամբողջ երկրի սահման է պահում ու զոհվում; որ հայրենասիրությունից խոսող պաշտոնյաների զավակները չեն ծառայում բանակում; որ անվճար բուժօգնության, միջնակարգ կրթության, մի կտոր տեղեկանքի և կնիքի համար պետք է վճարես; որ կյանքի իմաստն ու նպատակը փողն է՝ անկախ նրանից, թե ոնց ես այդ փողն աշխատում; որ ուրիշի գործը քո գործը չի, թող ամեն մեկն իր մասին մտածի, և այլն:

 

Եվ այդպես մենք արդեն նորմալ ենք վերաբերվում նրան, որ ուսանողները չեն սովորում, զինվորներն իրար վրա են կրակում, դպրոցականները դասի դանակներով են գնում, երեխաներն են երկրի սահմանը պահում, իսկ մեծ մարդիկ ասում են՝ թո՛ղ պատերազմ լինի:

 

 

Մովսես Դեմիրճյան