Վերջին օրերին Իրաքի կենտրոնում՝ Սալահ ալ-Դին նահանգում, ակտիվացած ռազմական գործողությունների ֆոնին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն իր վերահսկողության ներքո գտնվող շրջաններում փորձում է տեղեկատվական շրջափակման մեջ պահել տեղի բնակչությանը՝ նահանգի հյուսիսային որոշ բնակավայրերում ընդհանրապես արգելելով հեռուստացույց դիտելու իրավունքը: Վերոնշյալ արգելքի նպատակն, ըստ էության, Թիքրիթ քաղաքի ազատագրման, ինչպես նաև քաղաքի շրջակայքում ծավալվող ռազմական գործողություններում իրաքյան բանակային ստորաբաժանումների, քրդական զինուժի արձանագրած հաջողությունների և իսլամականների ակնհայտ նահանջի մասին տեղեկատվությունը շրջանի բնակչությունից թաքցնելն է: Նման կերպ իսլամականները փորձում են զսպել իրենց վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակչության մոտ խուճապային իրավիճակի ստեղծմանը, հնարավոր արտագաղթին կամ, չի բացառվում նաև՝ հնարավոր ըմբոստության հրահրմանը:


Այս համատեքսում, ԻՊ-ի զինյալներն արդենիսկ մի քանի հարձակում են իրականացրել որոշ առևտրի կենտրոնների վրա, կոտրել դրանցում եղած հեռուստացույցներն, ինչպես նաև խստագույն պատժով սպառնացել վերոնշյալ արգելքը խախտողներին:

 

 

Արմեն Պետրոսյան