Երանի մարտի մեկը մեզ համար գարնան առաջին օր լիներ: Մարտի մեկը ինձ համար սև օր է և ցավալին այն է, որ այն մարդիկ ովքեր մասնակից են եղել մարտի մեկի արյունոտ այդ ոճրագործությանը, այսօր նրանք էլ են խոսում մարտի մեկը «դատապարտելու» մասին՝ մտածելով, որ իրենց կաշիները այդ ձևով կարելի է փրկել:


Ցավոք սրտի մեզ համար մարտի մեկը դարձել է արարողակարգային մի միջոցառում, որտեղ ինչպես շատ միջոցառումներ, հիշում ենք, երբ տվյալ օրը մոտենում է: Ձանձրալի է դառնում անընդհատ ամեն տարի դասախոսության նման պատճառը ներկայացնել, թե ինչպե՞ս եղավ մարտի մեկը, ո՞ր ժամին եղավ, ով ի՞նչ ասաց… Բոլորս գիտենք, թե ովքեր են կանգնած մարտի մեկի հետևում: Ու եթե մեղավորներին թափված արյան համար պատասխանատվության ենթարկելը պետք է լինի կոշտ մեթոդներով, ուրեմն, թող այդ օրը լինի հենց դրանք կյանքի կոչելու ժամանակը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում պարբերաբար միտինգներ ու երթեր լինում են, բայց մի ապակի անգամ չի ջարդվում: Եվ ուզում եմ, որ այդ օրը դուրս գանք ասել-խոսելու գրառումային վիճակներից և գործողություններով վերջապես բովանդակություն հաղորդենք մեր գրածին ու ասածին: Մենք անընդհատ պատճառների մասին ենք խոսում, բայց ոչ մի կերպ չի հաջողվում մեզ իրավական և քաղաքական գնահատական տալ այդ ոճրագործությանը: Հույս չունեմ, որ մարտի մեկի խնդիրը լուծում կստանա, նորից կհավաքվի ժողովուրդը, կվերածվի բամբասանքավերլուծաբանական մի միջոցառման: Էքսկուրսիա կկատարենք Երևանի կենտրոնական փողոցներով, կտեսնենք ինչ նոր շենքեր ու զվարճանքի վայրեր են կառուցել մեր օլիգարխները, մտքներումս մի լավ կհայհոյենք, կվերադառնանք ելման կետին, կցվրվենք մեր տներով: Կմոռանանք մի ամբողջ տարի, մինչև կգա հաջորդ տարվա մարտի մեկը… և այդպես շարունակ: Ցավալին այն է, որ այն մարդիկ ովքեր մասնակից են եղել մարտի մեկի արյունոտ այդ ոճրագործությանը, այսօր նրանք էլ են խոսում մարտի մեկը «դատապարտելու» մասին՝ մտածելով, որ իրենց կաշիները այդ ձևով կարելի է փրկել: Քանի դեռ սեր և միաբանություն, ազգային արժանապատվության գիտակցություն չկա և նաև պետական մտածողություն չունեն, մեր քաղաքական և կուսակցական գործիչները՝ մարտի մեկը չի բացահայտվելու: Ու այդպես շատ հարցեր կմնան չբացահայտված: Աստված տա ես իմ վերլուծությունների մեջ սխալված լինեմ:

 

 

Արթուր Հայրապետյան