Ինչ որ բան գովազդելու նպատակով կերպարների ստեղծումը և դրանց օգտագործումը, փիառում ամենագործածվող հնարքներից է: Ընդ որում կերպարը կարելի է օգտագործել թե պիցա գովազդելիս և թե պատգամավորի նախընտրական արշավում: Դիցուք որևէ երգչուհի ունի հայրենասերի կերպար: Նա ստեղծել է այդ կերպարը տարիների ընթացքում և բազմիցս օգտագործել է այն փող վաստակելու նպատակով, ասենք սփյուռքի տարբեր գաղթօջախներում համերգասրահներ լցնելով: Վատ է դա թե լավ դժվար է ասել: Ժողովուրդը հակված է հավատալ նրան ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Եթե հեռուստատեսությամբ տարբեր առիթներով երգչուհին հուզմունքից դողդոջուն ձայնով ասում է “իմ Հայաստան”, կամ “Ես հպարտ եմ, որ հայ եմ” դա դեռ չի նշանակում, որ նա հայրենասեր է, դեռ ավելին' դա կարող է հակառակի ապացույցը դառնալ:


Նախընտրական ժամանակահատվածում մասնագետների կողմից մանրամասն ընտրվում են բոլոր այն մտավորականները, որոնք կարող են իրենց ստեղծած դրական կերպարը ինչ որ կերպ տարածել ասենք հաստավիզ ու տգետ մի թեկնածուի վրա, որի քարոզչության օգտին կատարվում է աշխատանքը: Ամենևին մի զարմացեք երբ տեսնեք ճանաչված (միգուցե նաև սիրված) դերասանը Ձեզ հեռուստաէկրաններից համոզի ձայնը տալ ինչ որ ապուշի, ասելով թե այդ ապուշին ինքը ճանաչում է շատ վաղուց և որ այդ ապուշը անսահման հայրենասիրության տեր մի անձնավորություն է: Ուղղակի միշտ պետք է հիշել, որ դերասանին այդ խոսքերի համար վճարել են: Վերոհիշյալ դերասանը խաղում է իր հերթական դերը ու դրա դիմաց ստանում է հոնորար, իսկ դուք այդ դերի ազդեցության տակ քաղաքական ընտրություն կատարելով ինքներդ եք հայտնվում, բավականին հիմար վիճակում:


ԱՄՆ-ում ժամանակին հեռարձակվում էր մի սերիալ «Դոկտոր Մարկուս Ուելբի» որի գլխավոր հերոսը շտապ օգնության կայանի բժիշկ էր, որը մեծ հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով բուժում էր բոլոր հիվանդներին: Սերիալը շատ ճանաչված էր և դիտվող: Այդ կերպարի դերակատարը' Ռոբերտ Յանգը մամուլում զարմացել էր, որ ինչքան ապուշ պետք է լինեն մարդիկ, ովքեր իրեն' դերասանին, բժշկական հարցերով մոտ 200 000 նամակ են գրել: Համաձայնվեք իրոք հիմար իրավիճակ է ստացվում մարդիկ դերասանից ակնկալում են խորհուրդ ստամոքսի խոցի բուժման մասին:


Համաձայնվեք ապուշության գագաթնակետն է, ճանաչել դերասանին իր դերով: Ասենք X դերասանը ժամանակին կատարել է Տիգրան Մեծ արքայի դերը, դա բոլորովին չի նշանակում, որ այդ դերասանը պատմական հողերը ետ է բերելու: Դա ոչինչ չի նշանակում: Չէ որ բեմից դուրս' իրական կյանքում դերասանը կարող է լինել սրիկա, դավաճան: Ինչու՞ եթե ասենք որևէ «դզող-փչող», որը բարեխիղճ կատարում է իր աշխատանքը ազդեցություն չունի ձեր կարծիքի վրա, իսկ դերասանը ունի: Մտածեք ինչու՞:

 

 

Նարեկ Մալյան