1990 թվականի օգոստոսի 1-ին Ղարաբաղում ընկել է Երևան-Ստեփանակերտ չվերթն իրականացնող ЯК-40 օդանավը։ Բոլոր ուղևորները մահացել են։ Փրկարար աշխատանքներ իրականացնողներից մեկն ինձ շատ հարազատ մարդ էր։ Մանկական հետաքրքրվածությամբ հարցրի, թե ինչ էր պատահել ուղևորների հետ, ինքն էլ շատ մեծական լրջությամբ մանրամասն նկարագրեց։ Ահավոր տեսարաններ ձևավորվեցին մտքումս, որոնք վառ են մինչ օրս։ Երկրորդ հարցիս պատասխանն ինձ էն ժամանակ ավելի զարմացրեց։
- Բա ո՞նց էիք հավաքում մարդկանց կտորները, չէի՞ք վախում։


- Մի քիչ վախով, մի քիչ ցավով, մի քիչ ծիծաղ-կատակով։


Զարմացած հայացքիս ի պատասխան' ասաց.


- Հա բալես, նման դեպքերում միայն կատակն ու ծիծաղն են փրկում։ Հակառակ դեպքում մարդ կգժվի։


Ղարաբաղի պատերազմի տարիներին հետագայում շատ եմ համոզվել այդ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Տեսել եմ, թե ինչպես են մայրերը ժպտում կամ ծիծաղում հիմար կատակների վրա այն դեպքում, երբ իրենց զոհված զավակների աճյունները դեռ հողին չէին հանձնված։ Էլի նման բաներ։ Ծանր էր, բայց փաստ. պատերազմում ծիծաղը փրկեց մեր ժողովրդին։


Ասածս, իհարկե, ամեն վիշտ ծիծաղով ու կատակով դիմակայելու կոչ չի։ Ոչ էլ սրա կամ նրա արարքի արդարացում։ Հուսով եմ' ոչ մեկ չի կարող այդպես մտածել։ Օրվա լրահոսը հիշեցրեց էս դեպքը։ Բայց նաև ուզում եմ հորդորել բոլորին ավելի զուսպ լինել իրենց մեղադրանքներում։ Հնարավոր է' կոնկրետ մարդկանց պաշտպանիչ ռեակցիան հենց այսպիսինն է։

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան