Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա: Ստուգեք երկաթի անբավարարության ներքոհիշյալ ախտանիշները, եւ եթե դրանք ձեզ մոտ առկա են, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա ֆերրիտինային քննություն նշանակի, որը որոշում է ձեր օրգանիզմում երկաթի պաշարները


Դուք անընդհատ հոգնածություն եք զգում


Դա երկաթի անբավարարության հիմնական նշաններից մեկն է եւ հնարավոր է ամենադժվար որոշվողը: «Կանայք արդեն սովորել են խելահեղ կյանքին եւ հոգնածության հարատեւ զգացողությանը, - ասում է բժիշկ Նենսի Բերլիները՝ Blood հեմատոլոգիայի ամերիկյան ընկերության ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, - Նրանց համար հոգնածությունը սովորական բան է»:


Երկաթի անբավարարության ժամանակ ձեր հյուսվածքներին քիչ թթվածին է հասնում, որի պատճառով մարմինը զրկվում է անհրաժեշտ էներգիայից:


Ձեզ մոտ առատ դաշտան է


Կանանց մոտ երկաթի անբավարարության համար մեկ նշանը չափազանց առատ դաշտանն է, ասում է Նյու-Յորքի Մաունթ Սինայի հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ժան Մորիցը: «Նրանք չափազանց շատ արյուն են կորցնում, վերականգնում են միայն կեսը, ապա մի ամիս հետո նորից են կորցնում, - ասում է նա, - Դա նույնն է, ինչ ծակ վառելիքի բաքով մեքենա լիցքավորելը»: Փորձեք ներդիրներով թեստ անել. եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել ներդիրը երկու ժամից ավելի հաճախ, ապա դիմեք գինեկոլոգի:


Դուք շատ գունատ եք


Հեմոգլոբինն արյանը հաղորդում է կարմիր գույն, իսկ մաշկին՝ վարդագույն երանգ: Դա նշանակում է, որ սպիտակուցի ցածր մակարդակները կարող են դառնալ մաշկի գունատության պատճառ, ասում է Մորիցը:


Ձեզ մոտ հաճախ է հեւոց առաջանում


Բերլիներն ասում է, որ եթե ձեր օրգանիզմում թթվածնի մակարդակը ցածր է, ապա ինչքան էլ խորը շնչեք, միեւնույն է՝ օդը չի հերիքելու: Եթե դուք նկատում եք, որ խեղդվում եք ֆիզիկական վարժություններ կատարելիս, որոնք առաջ ի վիճակի էիք հաղթահարել՝ լինի դա աստիճաններով վերելք կամ ձեր սովորական մարզումը, ապա հնարավոր է, որ պատճառը երկաթի անբավարարությունն է:


Ձեր սիրտը չափազանց ուժեղ է խփում


Ծանրաբեռնված սիրտը վերջին հաշվով սկսում է խփել անկանոն, սրտում աղմուկներ են առաջանում, այն մեծանում է եւ նույնիսկ կարող է սրտային անբավարարություն ի հայտ գալ:


Դրա համար չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ այդքան բարդանա: Եթե գիտեք, որ սրտի հետ խնդիրներ ունեք, կարող եք ստուգել արյան մեջ երկաթի մակարդակը, քանի որ երկաթի անբավարարությունը կարող է բարդացնել սրտի առկա խնդիրները:


Ձեզ մոտ անհանգիստ ոտքերի համախտանիշ է


Դուք անընդհատ շարժվո՞ւմ եք: Համաձայն Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի աշխատակիցների՝ անհանգիստ ոտքերի համախտանիշով մարդկանց մոտ 15%-ն ունի երկաթի անբավարարություն: Ինչքան ցածր է երկաթի մակարդակը, այնքան ուժեղ են ախտանիշները:


Դուք ունեք գլխացավեր


Երկաթի անբավարարությամբ օրգանիզմն առաջին հերթին թթվածին է մատակարարում ուղեղին, ապա նոր մյուս հյուսվածքներին: Բայց նույնիսկ այս դեպքում միեւնույն է՝ ուղեղն անբավարար քանակությամբ է թթվածին ստանում, ասում է Բերլիները: Ըստ գլխացավի ազգային ֆոնդի տվյալների՝ ի պատասխան ուղեղի, զարկերակները կարող են «փքվել»՝ առաջ բերելով գլխացավեր:


Դուք սիրում եք կավ, ցեխ եւ սառույց


Հիվանդությունը կոչվում է պիկա. չուտվող իրերն ուտելու ցանկություն (եւ նույնիսկ դրա իրագործում): Եթե դուք նմանատիպ զգացում ունեք, հնարավոր է ձեր օրգանիզմում երկաթի անբավարարություն կա: Երկաթի անբավարարությամբ մարդիկ կարող են ծամել կավիճ, կավ, ցեխ եւ թուղթ: Ի ուրախություն՝ կանանց մեծամասնությունն ընտրում է սառույց, ասում է Բերլիները:


Դուք առանց պատճառի անհանգստություն եք զգում


Իբր կյանքում սթրեսը քիչ էր, գումարած երկաթի անբավարարությամբ պայմանավորված անպատճառ սթրեսը: Երկաթի անբավարարությունը մեծացնում է ձեր օրգանիզմի սիմպաթիկ նյարդային համակարգի գործունեության արագությունը, որն ասես արագացման ոտնակ լինի ձեր մարմնի համար, ասում է Բերլիները:


Ձեր մազերը թափվում են


Երկաթի անբավարարությունը՝ վերաճելով երկաթդեֆիցիտային անեմիայի, կարող է բերել մազաթափության:


Դուք բուսակեր եք


Երկաթի ոչ բոլոր տեսակներն են օրգանիզմի կողմից միատեսակ յուրացվում: Օրինակ՝ հեմի երկաթը, որն օրգանիզմը ստանում է մսից, թռչնամսից եւ ձկից, երկուսից երեք անգամ արդյունավետ է, քան բույսերի երկաթը, ասում է դիետոլոգ Ռանիա Բատայնեն: Սակայն, եթե ճիշտ պլանավորել սննդակարգը, կարելի է երկաթի անհրաժեշտ քանակություն ստանալ նաեւ բուսական մթերքներից: Մուգ կանաչ տերեւավոր բանջարեղենը, ամբողջական հատիկները եւ լոբին շատ հարուստ են երկաթով. համադրեք դրանք վիտամին C-ով հարուստ մթերքի հետ՝ քաղցր պղպեղի, հատապտուղների եւ բրոկկոլիի, որպեսզի օրգանիզմը երկաթն ավելի լավ յուրացնի:


Ձեր վահանաձեւ գեղձը լիարժեք չի գործում


Համաձայն Հիպոթերիոզի Ազգային Ակադեմիայի՝ երկաթի անբավարարությունը դանդաղեցնում է վահանաձեւ գեղձի գործունեությունը եւ ճնշում է նրա՝ մարսողությունը լավացնելու հատկությունը: Ժամանակին չախտորոշված հիպոթերիոզը կարող է հանգեցնել անեմիայի առաջացման: Այդ պատճառով, եթե դուք նկատում եք, որ սկսել եք շուտ հոգնել, գիրացել եք եւ ձեր մարմնի ջերմաստիճանը ցածր է՝ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:


Դուք հղի եք


Հղիության ժամանակ պտուղը հղի կնոջից «գողանում է» ֆոլաթթուն՝ երբեմն թողնելով նրան առանց անհրաժեշտ պաշարների: Կանայք նաեւ ծննդաբերության ժամանակ են շատ արյուն կորցնում, ինչը նույնպես բերում է օրգանիզմում երկաթի մակարդակի իջեցման, ասում է բժիշկ Մորիցը: Եթե դուք երկվորյակի եք սպասում, կամ սովորաբար առավոտյան սրտխառնոց ունեք, ապա հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ է ավելացնել երկաթի օգտագործումը:


Ձեր լեզուն տարօրինակ տեսք ունի


Երկաթի անբավարարությամբ մարդկանց մոտ լեզուն կարող է ցավոտ եւ բորբոքված լինել՝ անբնական հարթ մակերեսով:


Ձեզ մոտ ցելիակիա է կամ աղիների բորբոքային հիվանդություն


Նույնիսկ եթե ձեր սննդակարգը հարուստ է երկաթով, ցելիակիան եւ աղիների բորբոքային հիվանդությունը՝ կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ, կարող են որոշ սննդանյութերի ներծծման խնդիրներ առաջացնել, այդ թվում նաեւ՝ երկաթի: Այս հիվանդությունները՝ բորբոքում առաջացնելով, վնասում են ստամոքս-աղիքային ուղին: Եթե ձեզ մոտ առկա է այս հիվանդություններից որեւէ մեկը, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես լավացնել երկաթի ներծծումը ձեր օրգանիզմում:


Ինչպես սննդակարգում ավելացնել երկաթի քանակությունը


19-50 տարեկան կանանց օրական անհրաժեշտ է 18 մգ երկաթ: Հղի կանանց օրական անհրաժեշտ է 27 մգ: Կերակրող մայրերին՝ ընդամենը 9 մգ: 50-նն անց կանանց՝ որոնց մոտ բացակայում է դաշտանը, օրական ընդամենը 8 մգ: Դա այդքան էլ դժվար չէ: Ոսպի, սպանախի, տավարի մսի, ընկույզների, հավի մսի, սիսեռի մեկ չափաբաժինը պարունակում է մոտ 2 մգ երկաթ: Իսկ ավելի շատ պետք էլ չէ: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կա նաեւ երկաթի գերդոզավորման վտանգ, որը կարող է վնասել ներքին օրգանները, բերել դիաբետի վտանգի, սրտային նոպայի եւ քաղցկեղի՝ հատկապես տարեց մարդկանց մոտ, ասում է Բատայնեն:

 

 


Վրեժ Հովսեփյան