Երբ 19-րդ դարի վերջին Լեռնային Շիրվանի Զարդաբ գյուղից սերող կովկասյան պարսիկ (թաթ) Հասան բեկ Զարդաբին սկսում էր հրատարակել առաջին թյուրքալեզու պարբերականը Արևելյան Այսրկովկասում, իսկ 1918թ. Ապշերոնի Նովխանի ավանից սերող կրկին ազգությամբ կովկասյան պարսիկ (թաթ) Մուհամմադ Ամին Ռասուլզադեն նույն տարածքներում առաջին անգամ փաստացիորեն հիմնում Ադրբեջան անվանումով պետությունը, նրանք չէին էլ կարող ենթադրել, որ ապագայում հենց կովկասյան պարսիկներն են դառնալու, չվախենամ ասել, այն հիմնական գենետիկական հումքը, որի հիման վրա մոտ հարյուրամյա բռնի ձուլման և թյուրքացման քաղաքականության արդյունքում պետք է ձևավորվեր խառնիճաղանճ ինքնությամբ էթնիկ ադրբեջանցին:


Այսօր արդեն Զարդաբիի և Ռասուլզադեի ազգակիցներից հսկայական եռանդ և ջանքեր են պահանջվում պահպանելու թաթերի լեզուն և մշակույթը Ադրբեջանական Հանրապետության տարածքում, ինչը նրանք փոփոխական հաջողությամբ իրականացնում են վերջին տարիներին՝ իրենց պայքարում կայուն առաջընթաց գրանցելով հատկապես այս՝ անցնող տարվա ընթացքում: Եթե մոտ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում գրեթե անհնար էր գտնել որևէ թաթական կազմակերպված խումբ կամ էջ, ապա այսօր դրանց թիվը մոտ երկու տասնյակի է հասնում: Ընդ որում՝ դրանցում ընդգրկված են տարբեր գործունեություն ծավալող թաթ ակտիվիստներ, որոնք աշխատում են ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքական պահանջների ներկայացման ուղղությամբ:


Որքան էլ Բաքվի բռնապետական վարչակարգը փորձի «ջայլամային քաղաքականությամբ» քողարկել թաթական զարգացող շարժման առկայությունը՝ այն ներկայացնելով իբր Հայաստանից հրահրվող հիմնախնդիր, հարցն արդեն իսկ ամբողջ սրությամբ կանգնած է Ադրբեջանական Հանրապետության ներքաղաքական օրակարգում, ինչի ապացույցները կարելի է տեսնել տարբեր մակարդակներում հենց նույն վարչակարգի ջղաձիգ արձագանքներում:

 

 

Վարդան Ոսկանյան