Վերջերս տեղի ունեցող արտարժույթի տատանումները խուճապային իրադրություն են ստեղծել: Դոլարի արժևորումը դրամի նկատմամբ պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով' ռուբլու արժեզրկմամբ: Արդյունքում նվազել է դեպի Հայաստան տրանսֆերտների հոսքը, դժվարություններ են ստեղծվել դեպի Ռուսաստան ապրանք արտահանողների համար և այլն:


Ստեղծված ֆինանսական իրավիճակը հիմք է հանդիսացել որոշ սպեկուլյատիվ գործողությունների իրականացման, ինչը ևս նպաստել է դրամի գերարժեզրկմանը: Բացի սպեկուլյատիվ գործողություններ իրականացնողներից, դրամի արժեզրկման իրավիճակը փորձել են օգտագործել որոշ տնտեսվարողներ և անհարկի բարձրացրել են մի շարք ապրանքների գները, ինչը լրացուցիչ լարվածություն և խուճապ է ստեղծել բնակչության շրջանում:


Երեկ դրամի անկման խնդրին է անդրադարձել վարչապետը, նշելով որ դրամի արժեզրկումը պայմանավորված է գլոբալ և տարածաշրջանային գործընթացներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Նա նաև նշել է. «Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»:


Ապա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար տեղի է ունեցել կառավարության խորհրդակցություն ԱՄՀ եւ ՀԲ ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները: Միջազգային ֆինանսական կառույցները' ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել ֆինանսական շուկայի կայունացման գործին: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն և ՀԲ-ն խոշորագույն միջազգային ֆինանսական կառույցներ են, որոնց աջակցությունը այս պարագայում շատ առանցքային է:


Արդեն այսօրվա կառավարության նիստում տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է խորն ուսումանասիրություններ իրականացնել, և լայն սպառման ապրանքների գների վերաբերյալ ամենօրյա տվյալներ ներկայացնել, քանի որ անընդունելի են գների անհարկի բարձրացումները:


Անհարկի գների բարձրացումներն, ըստ իս, երկար տևել չեն կարող, քանի որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու համար, իսկ ֆինանսական շուկայում արդեն իսկ նկատվում են կայունացման միտումներ և դրամը արժևորվում է: Այնպես որ սպեկուլյացիաներին երկար կյանք չի մնացել:

 

 

Մանե Զաքարյան